Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-իտալական հնագիտական խումբը Գեղարքունիքում սկսել է դամբարանադաշտերի ուսումնասիրումը

Հայ-իտալական հնագիտական խումբը Գեղարքունիքում սկսել է դամբարանադաշտերի 
ուսումնասիրումը

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայ-իտալական միացյալ հնագիտական նոր խումբը` հայտնի ուրարտագետ եւ արեւելագետ, Հռոմի համալսարանի հնագիտության դոկտոր Ռաֆայելե Բիշիոնեի ղեկավարությամբ, Գեղարքունիքի մարզում հնագիտական ուսումնասիրություններն այս տարվանից շարունակելու է ուրարտական մշակութային շերտ ունեցող ամրոցների տարածքներին մոտիկ դամբարանադաշտերում:

Ռաֆայելե Բիշիոնեն ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետների հետ Գեղարքունիքի մարզում հնագիտական աշխատանքներ ծավալել է 1994 թվականից: Հայ-իտալական միացյալ հնագիտական արշավախումբը Գեղարքունիքի մարզում 1994-2013 թվականներին ավարտել է ուսումնասիրությունները ռազմական ամրոցների եւ հին բնակատեղիների ավերակներում եւ ուսումնասիրությունների արդյունքները հրապապարակել մի քանի լեզուներով` նոր ուղղումներ եւ հայտնագործություններ մտցնելով հնագիտական եւ հայագիտական մինչ այդ եղած պատկերացումների մեջ:

Իսկ այս տարվանից, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռաֆայելե Բիշիոնեն, հայ-իտալական հնագիտական նոր խումբը, որի կազմում երեք իտալուհի գիտնականների հետ աշխատելու է հայ հնագետ Նորա Ենգիբարյանը, ուսումնասիրելու է ուրարտական մշակութային շերտ ունեցող ամրոցների տարածքներին մոտիկ դամբարանադաշտերում: Խումբն այս օրերին պեղումներ է կատարել Ծովինար գյուղի Թեյշեբա ամրոցից 2 կիլոմետր հարավ գտնվող դամբարանադաշտում: Բացված երեք մեծ եւ մեկ փոքր դամբարաններում, զարմանալիորեն, հնագետները նյութ չեն գտել, նրանց «դիմավորել» են միայն դատարկ խցերը: Առայժմ հայ եւ իտալացի հնագետները դժվարանում են բացատրել, թե ինչի հետ է կապվում դամբարանների դատարկությունը:

«Այս տարի արդեն մեր աշխատանքները համարում ենք ավարտված, թեկուզ արդյունքն աննշան է: Սակայն եկող տարվանից պեղումները կշարունակենք Ծովակ գյուղի ամրոցին մերձակա տարածքի դամբարանադաշտերում: Հուսանք, որ արդյունքներ կունենաք: Դամբարանադաշտերի ուսումնասիրության համար, եթե թույլ տան հնարավորությունները, Գեղարքունիքի մարզում կաշխատենք 10-15 տարի, քանի որ գործ ունենք բազմաթիվ դամբարանադաշտերի հետ»,- նշեց Ռաֆայելե Բիշիոնեն:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]