Առանց վարորդական վկայականի վարողներն այսուհետ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով` հնգապատիկի փոխարեն: Այս նոր կարգավորումն ամրագվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակում, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 26-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը «վարելու իրավունք չունեցող անձանց» բառերից հետո լրացվել է «, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով» բառերով, ինչպես նաև նույն մասի «քսանապատիկի» բառը փոխարինվել է «հիսնապատիկի» բառով: Բացի այդ, հոդվածը լրացվել է 6-րդ մասով, ուր նշվում է, որ նույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում