Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով. ԱԳ նախարար

Հայաստանն ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել ԵՄ հետ համագործակցության 
իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հուլիսի 22-ին մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը հանդես գալով ելույթով` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա:

«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԵՄ շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ` քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ, և հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախարարը նշել է, որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է 2014թ. մարտին ուժի մեջ մտած Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը թույլ կտա մասնակցել ԵՄ տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը:

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին` նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը:

Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Հերբերտ Սալբերի նշանակումը` որպես Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ։ 

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակաբար վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ, և ափսոսանք է հայտնել Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության առթիվ, որը դրսևորվում է միջնորդների բոլոր առաջարկների շարունակական մերժմամբ:

«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման:

Մենք նաև բարձր ենք գնահատում ԵՄ կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերին արտահայտած ոչ երկիմաստ աջակցությունը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]