Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքում բարելավվող արոտավայրերի մակաերեսը կհասնի 16,3 հազար հեկտարի

Գեղարքունիքում բարելավվող արոտավայրերի մակաերեսը կհասնի 16,3 հազար 
հեկտարի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ այսօր սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք համայնքի «Արաքս-2» նորաստեղծ պանրագործարանից, ուր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը ծանոթացել է ընկերության գործունեությանը: Այստեղ տարեկան շուրջ 2 հազար տոննա կաթ է վերամշակվում, արտադրվում 6-8 տեսակի պանիր, իրացման խնդիրներ չկան: Ըստ գործարանի տնօրեն Արթուր Մովսիսյանի՝ ներկայումս ընկերությունն ընդարձակվելու փուլում է, որի ավարտից հետո, 2015 թվականին, արտադրանքի ծավալի և աշխատատեղերի ավելացումից զատ, հնարավորություն կստեղծվի թողարկել նաև թթու կաթնամթերք: Նախարարն այցելել է նաև պանրագործարանի նոր կառուցվող մասնաշենք: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցելությունը շարունակվել է Վարդենիս, Գեղամաբակ, Շատվան, Շատջրեք և Ջաղացաձոր համայնքների դաշտերում, ուր նախարարը հավաստիացել է, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Առանձին դաշտերից անգամ ռեկորդային՝ 600 ցենտներ կարտոֆիլ, 80-90 ցենտների հասնող հացահատիկի բերք է սպասվում: Իսկ ընդհանուր առմամբ մարզը հողերի օգտագործման ցուցանիշով հանրապետության առաջատարն է: Այն այս տարի հասել է շուրջ 93 տոկոսի: Գրեթե 2000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները, որից 700 հեկտար` կարտոֆիլի, 1000 հեկտար` հացահատիկի դաշտերը:   

Այցի վերջին կանգառը Մեծ Մասրիկ համայնքում էր, ուր նախարարը ծանոթացել է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանականերում ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվի աշխատանքներին: Երկու տարվա կենսագրություն և 350 անդամ ունեցող կոոպերատիվն  արդեն որոշակի արտադրական հաջողություններ ու առաջընթաց  ունի: Մասնավորապես, անասնագլխաքանակն ավելացել  է 20 տոկոսով, մեկ կովի կաթնատվությունը 1800-ից հասել է 2250 լիտրի: Ջրարբիացվել է 510 հեկտար արոտավայր, կառուցվել 2,5 կիլոմետր ջրատար: Կոոպերատիվին հատկացվել է  11 միավոր գյուղտեխնիկա: Արտադրական հաջողությունները նոր հեռանկարներ են հուշում կոոպերատիվի անդամներին, ովքեր խնդրել են նախարարին աջակցել տեղում կաթի վերամշակման փոքր արտադրություն ստեղծելու գործում: Նախարարը նշել է, որ ծրագրի երկրորդ փուլը  հնարավորություն է տալիս նաև տեղերում ստեղծել փոքր արտադրություններ և վերջինիս շրջանակներում էլ, կոոպերատիվի արտադրության ծավալների և անդամների թվի ավելացման պարագայում, հնարավոր է  առաջիկայում վերանայել բարձրացված խնդիրը:  

Զրույցի ընթացքում նախարարը  նշել է, որ նշված ծրագրով Գեղարքունիքի մարզում ստեղծվել և գործում են 20 նման կոոպերատիվներ: Իրականացվող ծրագրերի արդյունքում բարելավվող արոտավայրերը կհասնեն 16,3 հազար հեկտարի, համայնքներին տրամադրվող գյուղտեխնիկան՝ 260 միավորի: Մինչ օրս այս ծրագրով մարզին հատկացվել է 165 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 30 տրակտոր:  Սերգո Կարապետյանն անդրադարձել է պետական օժանդակության մյուս ծրագրերին և նշել, որ դրանք  շարունակվելու են մյուս տարի ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]