Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լեւոն Տեր-Պետրոսյանի եզրահանգումները երկիմաստ տարակուսանք են առաջացնում. ՀՀ ՊՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանի եզրահանգումները երկիմաստ տարակուսանք են առաջացնում. 
ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ սահմանային միջադեպերի վերաբերյալ հայտնած տեսակետերի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, և պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասին բազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև այն, որ հայկական կողմն առանց որևէ պատճառի երբևիցե առաջինը չի հրահրում իրավիճակի սրում, ապա, այո, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել:

Սակայն ինչ վերաբերում է անհամարժեքությանը, ապա այդ գնահատականը կտրականապես անընդունելի է, քանի որ պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ այս դեպքում որպես հիմնական ցուցիչ հանդիսացող հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը: Լրատվամիջոցներով այդ կորուստների ներկայացման ձևերին և մեթոդներին (ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն իր կորուստները հաճախ հիմնավորում է մտացածին տարբեր պատճառներով), անդրադառնալիս, ըստ էության պետք է նկատի ունենալ, որ դա քաղաքակրթական-բարոյական տարբերության արդյունք է:

Պատերազմական ցանկացած իրավիճակ հրամանատարության համար դիլեմա է, և դա մեր դեպքում շարունակվում է 1994թ.-ից: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր «մեծ ջանքերի և հնարամտության» շնորհիվ է հնարավոր լինում արդյունավետ զսպել ադրբեջանական իշխանությունների նկրտումները և պահպանել ուժերի հարաբերակցությունը, թույլ չտալ հակառակորդին ստանալ ոչ ռազմավարական և ոչ էլ մարտավարական առավելություն: Բանակի խնդիրների լիարժեք կատարման արդյունքում է չեզոքացվում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը` հնարավորություն ընձեռելով ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը: Կարծում ենք նման եզրահանգումները նաև չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեջ ջանքերին և նպատակներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսելով սահմանային միջադեպերի մասին նման տեսակետ է հայտնել: «Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունն ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]