Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գաբրիել Ղազարյանը խախտեց «100 օրվա լռությունը». սպորտի զարգացումից մինչեւ նախարարների փոփոխություն

Գաբրիել Ղազարյանը խախտեց «100 օրվա լռությունը». սպորտի զարգացումից մինչեւ 
նախարարների փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնն ստանձնել է լի վճռականությամբ` նախարարության աշխատանքի արդյունքում հասնելու ցանկալի արդյունքների ոչ միայն դպրոցական, այլ նաև նախադպրոցական տարիքի երեխաների և ուսանողների շրջանում: Նախարարը որոշել էր օգտվել իր «100 օրյա լռության» իրավունքից, սակայն, բացառություն անելով` նա համաձայնեց պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին:

-Պարոն նախարար, թույլ տվեք  շնորհավորել Ձեզ բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ:  Դուք ավարտել եք Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը և ծանոթ եք մարզաշխարհի առկա խնդիրներին: Ո՞րն եք համարում «թիվ 1» լուծում պահանջող խնդիրը:

-Շնորհակալություն: Այո, ես Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ եմ, և երկար տարիներ, թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարզիչ ու ղեկավար, սպորտի և մարզաշխարհի հետ եմ: Աշխատանքային կենսագրությանս վերջին փուլում եղել եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային վարչության պետը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը, այսօր Ջրացատկի ֆեդերացիայի նախագահն եմ, այնպես որ քաջածանոթ եմ մարզաշխարհի բոլոր խնդիրներին հենց ներսից: Դրանք տարաբնույթ են` կազմակերպչականից, մեթոդականից, ընթացակարգայինից մինչև ֆինանսական և համակարգային: Բայց պետք է նշեմ, որ, խնդիրներից բացի, մենք նաև հաջողված լավ աշխատանքներ ունենք: Մասնավորապես, տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որտեղ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը կարգավորվում է երկու` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքներով:

- Դուք եղել եք բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ, սակայն մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը գլխավորում էիք ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիան: Մարզաձևերը մոտ չեն, ինչպե՞ս ստացվեց:

-Մի ճշտում, ես Ջրացատկի ֆեդերացիան եմ ղեկավարում: Ասեմ, որ որքան ինձ հիշում եմ, մարզաշխարհում եմ, իսկ դա նշանակում է, բավականին լավ եմ պատկերացնում ուսումնամարզական գործընթացները եւ մյուս աշխատանքների իրագործման ընթացքը: Այնպես որ, իմ կարծիքով, կարևորը լավ ղեկավարման հմտություններն են և հավատարիմ մնալ այն սկզբունքներին, ինչը օգտակար է տվյալ մարզաձևի զարգացման համար: 

-Դուք ինքներդ եղել եք ֆիզկուլտուրայի ուսուցիչ, և կարծում եմ տեղյակ եք, որ դպրոցներում ակնհայտ խնդիրներ կան մարզագույքի հետ կապված: Ինչպե՞ս եք պատրաստվում այդ խնդրին լուծում տալ:

-Դպրոցներում խնդիրները շատ են և ավելի խորքային: Դրանք ոչ միայն մարզագույքին են վերաբերում, այլև այն մոտեցմանը, որն այսօր առկա է ֆիզիկական կուլտուրա առարկայի նկատմամբ: Հենց այդ մոտեցումը պետք է փոխել: Ասեմ, որ ես լի եմ վճռականությամբ Սպորտի նախարարության աշխատանքի արդյունքում հասնել բոլորի` ոչ միայն դպրոցական, այլ նաև նախադպրոցական տարիքի երեխաների և ուսանողների շրջանում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը և առողջ ապրելակերպի արմատավորմանը:

-Մեզանում ձմեռային մարզաձևերը «մի քանի քայլ» հետ են ամառային մարզաձևերից, ի՞նչ եք կարծում, նախարարությունը ինչպե՞ս պետք է բալանսավորի այս տարբերությունըԻ՞նչ աշխատանքներ են տարվում:

-Բնական է, որ Հայաստանի նման «հարավային» երկրի համար առավել հաջողված և մասսայական են լինելու ամառային մարզաձևերը: Այստեղ խնդիրը ոչ թե պակաս հետաքրքրությունն է ձմեռային մարզաձևերի նկատմամբ, այլ այն հանգամանքը, որ ձմեռային մարզաձևերով զբաղվելու համար համապատասխան բնակլիմայական պայմաններ են հարկավոր: Ասեմ, որ այսօր ձմեռային մարզաձևերի մեր միակ մարզաբազան Ծաղկաձորում է, որտեղից օգտվում են մարզասերները, այստեղ կազմակերպվում են պրոֆեսիոնալ մարզիկների մարզումները, ինչպես նաև առաջնություններ և մրցաշարեր, բայց.... այդ ամենը հնարավոր է կազմակերպել տարվա մեջ առավելագույնը 3-4 ամիս, ոչ ավելին: Կարծում եմ` կհամաձայնեք, որ մարզական լավ արդյունքներ գրանցելու համար, ցանկացած մարզիկ պետք է մարզվի ողջ տարվա ընթացքում:  

-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները հաճախակի փոխվում են: Մինչ նրանք հարմարվում են գործին և գործի են գցում այդ մեխանիզմը, գալիս է նոր նախարար: Սա ազդո՞ւմ է սպորտի համաչափ զարգացման վրա: Ինչո՞ւմն է խնդիրը:

-Իրականում, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Կատարվող աշխատանքային գործընթացը չի ընդհատվում: Նախարարները կոչված են իրականացնել ՀՀ կառավարության գործունեության ծրագրերը, տվյալ ոլորտի պետական քաղաքականությունը և անձերի փոփոխությունն, ընդհանուր առմամբ, ոլորտի զարգացման վրա մեծ ազդեցություն չի ունենում:

-Սպորտային ինչպիսի՞ մեծ միջոցառումներ են ծրագրված այս տարվա ընթացքում, որոնք մի կողմից երկրի ներսում առողջ ապրելակերպի խթանման, մյուս կողմից` Հայաստանը դրսում ավելի ճանաչելի դարձնելու խնդիրներ կլուծեն:

-Հայ մարզիկները, բնականաբար, ամեն տարի մասնակցում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, նրանցից շատերը և հատկապես մենապայքարային մարզաձևերը ներկայացնողները, պատվով են ներկայացնում Հայաստանը` արժանանալով ոսկե մեդալների: Թարմ օրինակ, օրերս մեզ շատ ուրախացրեցին հունահռոմեական ոճի ըմբիշներ Հրանտ Կալաչյանը և Գևորգ Ղարիբյանը: Նրանք լեհական Կատովիցե քաղաքում կայացած երիտասարդների  առաջնությունում դարձել են Եվրոպայի չեմպիոններ:

Հուսով եմ, տարվա ընթացքում մյուս մարզաձևերի հայ ներկայացուցիչները նույնպես մեզ կուրախացնեն մարզական լավ արդյունքներով: Հաջորդ կարևորագուն խնդիրը, որն անպայման փորձելու է լուծել մեր նախարարությունը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելն է: Մենք որպես վերջնարդյունք ցանկանում ենք հասնել նրան, որ մեր հայրենակիցների մոտ արմատավորվի առողջ ապրելակերպը: Եվ դա անելու համար նախարարությունում արդեն ձևավորվել է ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու և առողջ ապրելակերպի քարոզչության աշխատանքային խումբ: Կարծում եմ մոտ ապագայում արդյունքներն արդեն տեսանելի կլինեն: 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]