Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/17. Գրիգոր Նարեկացու գործերն ամենապահանջվածներն են ընթերցողների շրջանում

Երևանյան բեսթսելեր 2/17. Գրիգոր Նարեկացու գործերն ամենապահանջվածներն են 
ընթերցողների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Գրիգոր Նարեկացու` «Լուսաբաց» հրատարակչության լույս ընծայած «Նարեկ» ժողովածուն այս շաբաթ առաջին անգամ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Այն այս շաբաթ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Երրորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն վերջերս լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաև Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպը, որը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

Երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը» ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:

Գրիգոր Նարեկացու մեկ այլ գիրք` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն այս անգամ յոթերորդ հորիզոնականում է:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  վարկանիշային աղյուսակի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած գիրքն է: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության. Տաղեր»

Զանգակ 10
2 նոր

Գրիգոր Նարեկացի

«Նարեկ»

Լուսաբաց 10
3 0

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 10
4 +4

Ռեյ Բրեդբերի

«451° ըստ Ֆարենհայթի»

Ապոլոն 8
5 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 8
6 *

Հերման Հեսսե

«Ներսը և դուրսը»

Ապոլոն 8
7 -2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 6
8 -2

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 6
9 -2

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»  

Էդիթ Պրինտ 6
10 0

Բերնհարդ Շլինկ

«Ընթերցողը»

Զանգա 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]