Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը զարմացրել է ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչներին

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը զարմացրել է ԱՊՀ 
մասնակից պետությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ 11 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի յոթ պետության ներկայացուցիչներ արդեն ժամանել են Երեւան` մասնակցելու 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում անցկացվելիք  ԱՊՀ երիտասարդության հարցերի հերթական խորհրդի նիստին: Խորհրդի պետություններից միայն Ադրբեջանն է հրաժարվել մասնակցությունից: Հայկական կողմը հրավիրել է Ադրբեջանին եւ հավաստիացրել, որ պատվիրակության անվտանգությունը կապահովվի, սակայն ադրբեջանական կողմը լռությամբ է պատասխանել Հայաստանի առաջարկին: Հայկական կողմի ժեստը այս պարագայում յուրահատուկ է, քանի որ երկու տարի առաջ Բաքվում անցկացված ԱՊՀ երիտասարդների խորհրդի նիստին Հայաստանը հրավիրված չէր:

«Դա նշանակում է, որ հայ հասարակությունը շատ ավելի բաց ու դրական տրամադրվածություն ունի, քան հարեւան պետությունը»,- հունիսի 11-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Անդրադառնալով կայանալիք նիստին` Քարամյանն ասաց, որ օրակարգը հագեցած է. կքննարկվի տասնչորս հարց, որոնք առավելապես հետաքրքրում են երիտասարդներին: Փոխնախարարի տեղեկացմամբ, նպատակն է ստեղծել ցանց` հետազոտելու երիտասարդությանը հուզող խնդիրները:

«ԱՊՀ երկրների երիտասարդության  խնդիրները նույնական են, եւ դա ստիպում է, որպեսզի լուծման ճանապարհների փնտրտուքի ժամանակ միավորենք ուժերը նոր բանաձեւեր եւ ուղիներ գտնելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Քարամյանը` հավելելով, որ ԱՊՀ երկրների երիտասարդության գլխավոր մարտահրավերը գործազրկությունն է:

«Մեզ անհանգստացնում է ԱՊՀ-ում բնակվող երիտասարդների զբաղվածության հարցը: Խնդիրն արդիական է նաեւ Հայաստանում եւ հատկապես օրակարգային է մարզերում երիտասարդների զբաղվածության խնդիրների վերհանումն ու լուծման ճանապարհների նախանշումը»:

Արսեն Քարամյանի փոխանցմամբ, հունիսի 14-ին խորհրդի մշակած ամփոփիչ փաստաթղթերում նախանշված կլինեն խնդիրների լուծման ուղիներ: Փոխնախարարի խոսքով, դեռ շուտ է խորհրդի աշխատանքներից սպասել լուրջ արդյունքներ եւ պրակտիկ քայլեր, քանի որ նիստը հիմնականում ծառայում է որպես փորձի փոխանակման եւ գաղափարների գեներացման միջավայր: Հայաստանն այս պարագայում ոչ միայն հարեւանների փորձն է յուրացնելու, այլեւ ներկայացնելու է սեփականը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնած «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը զարմացրել է ԱՊՀ  մասնակից պետություններին: Հայաստանն այդ կառույցում առաջինն է, որ պետական մակարդակով փորձում է երիտասարդներին ապահովել բնակարանով: 

ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Կովալյովայի գնահատմամբ  հումանիտար համագործակցությունը առաջնահերթ է եւ թույլ է տալիս, որ մարդկային գործոնն ազդի պետությունների հարաբերությունների վրա: «ԱՊՀ լավագույն ընտանիք» մրցույթի անցկացումը Կովալյովան գնահատում է որպես կարեւոր նախաձեռնություն, որը միտված է ընտանեկան արժեքների պահպանմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]