Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաթսուն ընկերություններ 200 թափուր աշխատատեղ են առաջարկում աշխատանք փնտրողներին. տոնավաճառ

Վաթսուն ընկերություններ 200 թափուր աշխատատեղ են առաջարկում աշխատանք 
փնտրողներին. տոնավաճառ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորակառույց բակում աժիոտաժ է. մոտ 60 ընկերություններ, հիմնականում, տնտեսագիտական ուղղությամբ մասնագիտացածներին առաջարկում են 200 թափուր  աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ՀՊՏՀ-ն կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ թե բուհի շրջանավարտների, թե ընդհանրապես աշխատանք փնտրողների համար: «Արդեն երկրորդ տարին է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կազմակերպում ենք աշխատանքի շուկա, որին բավականին թվով ուսանողներ են մասնակցում: Այս ակտիվությունը կապված է նրա հետ, որ ուսանողները տեղեկացված են` այս ճանապարհով ևս կարող են տեղավորվել աշխատանքի:  Բացի այս ճանապարհից, մենք նաև ունենք աշխատանքի տեղավորման այլ ձևեր: Մեծ թվով գործատուների հետ ուղղակի պայմանագրային հարաբերությունների մեջ ենք: Դրանք ոչ թե սոսկ պայմանագրեր են աշխատանքի տեղավորման, այլ կրթական ծրագրի մի մասն են: Գործատուները մասնակցում են կրթական ծրագրերի կազմմանը, մասնակցում են քննություններին, թեզերի պաշտպանությանը, արտադրական պրակտիկայի կազմակերպմանը և վերջում լավագույն ուսանողներին տեղավորում են աշխատանքի իրենց մոտ»,- նշեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Նրա խոսքով` բուհի ոչ մի լավագույն ուսանող ավարտելուց հետո առանց աշխատանքի չի մնում: «Խնդիրը, իհարկե, համեմատաբար, վատ սովորող ուսանողների մոտ է, քանի որ հիմա գործատուները խստապահանջ են ու փորձում են իրենց մոտ վերցնել որակյալ կրթություն ունեցող շրջանավարտների»,-ասաց ռեկտորը` հավելելով, որ նմանատիպ աշխատաշուկաների միջոցով իրենք փորձում են հասկանալ գործատուի պահանջներն ու հետագայում այն կիրառել կրթական պրոցեսների մեջ:

Հարցին ի պատասխան, թե տարեկան քանի ուսանող է ավարտում և քանիսը տեղավորվում աշխատանքի` Կորյուն Աթոյանն ասաց. «Ընդհանուր գնահատական դեռ չունենք, քանի որ վիճակագրություն չունենք: Մենք ստեղծել ենք բաժին բուհում, որը տեղեկատվություն է կուտակում` ուսումնասիրելու, թե շրջանավարտների որ մասն է տեղավորվել աշխատանքի: Այդ բազան մեկ տարի է` ինչ հավաքվում է, և հաջորդ տարիներին ավելի հստակ կարող ենք ասել, թե շրջանավարտների քանի տոկոսն է տվյալ տարում աշխատանք գտնում»,-ասաց ՀՊՏՀ ռեկտորը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետ Արտակ Մանգասարյանն էլ նշեց, որ աշխատանքի տոնավաճառի միջոցով լուծվում է աշխատողների` աշխատանք գտնելու և գործատուների` լավ աշխատողներ ունենալու պահանջը: «Կարծում եմ` արդյուանվետ միջոց է: Հետագայում գործատուների հետ հարցուպատասխանի միջոցով ճշտում ենք արդյունավետությունը: Նրանք այստեղից ոչ միայն պոտենցիալ աշխատողներ են գտնում, այլև հավաքում են ինքնակենսագրականներ (CV), որոնք կարող են պետք գալ աշխատանքի ծավալների ավելացումների դեպքում»,-նշեց պաշտոնյան:

Աշխատանքի շուկայի մասնակից Արթուր Մարտիրոսյանը, ով ունի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտացումը, բանկային ոլորտում է ցանկանում աշխատանք գտնել: «Մեկ տարի է, որ ավարտել եմ, փորձում եմ տեսնել, թե աշխատանքային ինչ առաջարկներ կան: Արդեն երկու տեղ թողել եմ ռեզյումե»,-ասաց նա` նշելով, որ աշխատանքի շուկան արդյունավետ կլինի, եթե հետագայում արձագանք լինի:

«Հայբիզնեսբանկի» Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակից Լիլիթ Արդուխանյանի խոսքով` իրենք այս պահի դրությամբ թափուր աշխատանք են առաջարկում ռիսկերի կառավարման դեպարտամենտում, ունեն գանձապահի, վարկային մասնագետի խիստ անհրաժեշտություն, աշխատանք են առաջարկում նաև սպասարկման, ՏՏ ոլորտում: «Բավականին շատ մարդ է մոտեցել արդեն, շատերը, սակայն, աշխատանքային փորձ չունեն, որը մենք որոշ դեպքերում չենք էլ պահանջում: Բայց կան հաստիքներ, որոնց համար փորձը պարտադիր է, օրինակ, գանձնապահի դեպքում»,-ասաց Լիլիթ Արդուխանյանը` հավելելով, որ աշխատանք փնտրողները բավականին ակտիվ են ու քաջատեղյակ:

Անցյալ տարի կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 40 ընկերություն: ՀՊՏՀ 120 շրջանավարտներ տեղավորվել են աշխատանքի:

Աշխատանքի տոնավաճառներ տեղի կունենան հունիսի 19-ին՝ Աբովյան, հունիսի 20-ին՝ Սպիտակ, հունիսի 26-ին՝ Գյումրի և հունիսի 27-ին՝ Աշտարակ քաղաքներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]