Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստան ժամանած հնդիկ ուռուցքաբանը հորդորում է չվախենալ քաղցկեղից, փոխարենը ժամանակին դիմել բժշկի

Հայաստան ժամանած հնդիկ ուռուցքաբանը հորդորում է չվախենալ քաղցկեղից, 
փոխարենը ժամանակին դիմել բժշկի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած գիտնականներ, փորձագետներ համախմբել են ջանքերը Երևանում քաղցկեղի ուսումնասիրման և բուժման նորագույն մեթոդները գտնելու նպատակով: Գիտաժողովն անցկացվում է մայիսի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական հաալսարանում: Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ երկօրյա գիտաժողովի շրջանակում Հայաստան են  ժամանել նաև հնդիկ ուռուցքաբաններ, որոնց թվում է առաջատար բժիշկ Դինեշ Պենդհարքարը (Dinesh Pendharkar):  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ոլորտի առաջատար հնդիկ ներկայացուցիչը պատմեց, որ գիտաժողովի  հիմնական նպատակն է ուռուցքաբանության վերաբերյալ գիտելիքները ներկայացնել տարբեր երկրների մասնագետների  փորձի միջոցով:

«Ուռուցքաբանությունը գիտություն է, որի   մասին գիտելիքները մենք պետք է օգտագործենք նաև հիվանդների բուժման մեջ: Գիտաժողովի հիմնական նպատակն է հաղորդել մարդկանց, որ երբ ուռուցքաբանության ոլորտի ներկայացուցիչները համախմբվում են, ապա իրենք կարող են շատ ավելին անել իրենց հիվանդներին բուժելու համար»,- ասաց Պենդհարքարը:

Նրա գնահատմամբ, դրական արդյունք ապահովելու համար հիվանդները պետք է հետազոտվեն մի շարք մասնագետների կողմից, և համալիր  հետազոտություն ստանալուց հետո  միայն սկսեն բուժման ընթացքը:

«Հիվանդի բուժումն էլ մասնագետների թիմային աշխատանքը պետք է դառնա: Ուռուցքաբանությունը մշտապես ուսումնասիրվող գիտություն է»,- նշեց ուռուցքաբանը: Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե քաղցկեղը  չբուժվող  հիվանդություն է:

«Մի վախեցեք քաղցկեղից, այլ սովորեք ապրել քաղցկեղի հետ, սա հիվանդություն է, որի հետ մարդիկ ապրում են: Այն բուժելու լավագույն տարբերակներից մեկը վաղաժամ ախտորոշումն է: Երկրորդ,  երրորդ, չորրորդ  փուլերում բուժման ընթացքը դժվարանում է, սակայն երբ հիվանդը իմանում է, որ նման խնդիր ունի, չպետք է պարզապես նստի տանը: Պետք է հիվանդության մասին իմանալու վայրկյանից սկսի բուժումը»,- ընդգծեց բժիշկը` ավելացնելով, որ տարիների ընթացքում փոփոխվում և շարունակաբար նորացվում են քաղցկեղի բուժման մեթոդները:

Նա հաստատակամություն հատնեց Հայաստանի մասնագետների հետ ձեռք բերված փորձը շարունակելու ուղղությամբ. առաջիկայում հեռահաղորդակցական միջոցների լայն օգտագործման արդյունքում իրենք կկարողանան  շարունակել համագործակցությունը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր մեզ մոտ գիտականների, փորձագետների, գործող բժիշկների հետ շփվելու հնարավորություններ են ձեռք բերվել: Ես շատ ուրախ եմ նաև այն բանի համար, որ այս գիտաժողովին մասնակցում են նաև երկու հնդիկ ոռուցքաբաններ, որոնք առատար դիրքեր են զբաղեցնում Հնդկաստանում ուռուցքաբանության ոլորտում»,-  ներկայացնելով գիտաժողովի մասին իր տպավորությունները` նշեց  Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:

Մայիսի 12-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Արյունաբանության և ուռուցքաբանության այկական ասոցիացիան և Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունը կազմակերպում են քաղցկեղի մուլտիդիսցիպլինար բուժման կուրս՝ կրծքագեղձի քաղցկեղի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի, լեյկեմիայի և կլինիկական հետազոտությունների վերաբերյալ թեմաներով: Գլխավոր աջակիցը և համակազմակերպիչը Երևանի պետական բժշկական համալսարանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]