Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Մայր Աթոռի Էկումենիկ կենտրոն

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Մայր Աթոռի Էկումենիկ կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ Հովսեփյանի, Րաֆֆի Գարագաշյանի` ապրիլի 24-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Էկումենիկ կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» թեմայով շարժական ցուցահանդեսին, ապա մասնակցել Թուրքիայի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների և Եկեղեցիների վիճակին նվիրված քննարկմանը: 

Զրույցի ընթացքում Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձել է Հայ Եկեղեցու էկումենիկ կապերին, ինչպես նաև ներկայացրել է Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի տարածքում կրոնական հաստատությունների, մասնավորապես, հայ, հույն, ասորի եկեղեցիների իրավունքների պաշտպանության բնագավառում Եկեղեցիների կողմից ձեռնարկված քայլերը: Հովակիմ Սրբազանը մասնավոր անդրադարձ է կատարել նաև պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում մի շարք եկեղեցիների պատմությանն ու ներկա վիճակին` ԱՄՆ կոնգրեսականներին վերստին փոխանցելով Վեհափառ Հայրապետի գնահատանքը` Թուրքիայի տարածքում եկեղեցական կալվածքներն իրավատերերին վերադարձնելու նպատակով օրենսդրական նախաձեռնության համար:

Հանդիպումից հետո հյուրերը շրջել են Մայր Աթոռի թանգարաններում և եղել Մայր Տաճարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]