Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վլադիլեն Բալյանը 90 տարեկան է և նոր ստեղծագործական ծրագրերով լեցուն

Վլադիլեն Բալյանը 90 տարեկան է և նոր ստեղծագործական ծրագրերով լեցուն

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի համար ապրիլի 25-ը տոնական է, նա նշում է ծննդյան 90-ամյակը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորը պատմեց, որ պատրաստվում է նշել օրը ընտանիքի, բազմաթիվ հարազատների շրջապատում: «Տղաս է գալու իր ընտանիքի հետ, ինչպես նաև աղջիկս իր ընտանիքով: Երկու թոռներս Գերմանիայից նույնպես ներկա են գտնվելու, հավաքվելու ենք, նշելու»,- ասաց Բալյանը:

Նա խոստավանեց, որ վաղ առավոտից զանգերի պակաս չի զգացել: Նրան առաջինը շնորհավորողների թվում է եղել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Առավոտ կանուխ զանգահարեց Հասմիկ Պողոսյանը, մենք հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու: Նա շնորհավորեց ինձ և ասաց, որ պետք է այս տարի  իրագործենք այդ ծրագրերը»,- նշեց Բալյանը:

Առաջիկա ծրագրերի թվում են նրա` Արամ Խաչատրյանի, Սվետոսլավ Ռիխտերի, Պավել Լիսիցյանի, երաժշտական ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչների մասին կոմպոզիտորի արժեքավոր հուշերի տպագրությունը:

Մաեստրոն նաև մեծ ուրախությամբ սպասում է «Առաջին ալիքի»-ի «Երգ երգոց» հաղորդման ապրիլի 27-ի եթերին, որը նվիրված է լինելու իր ստեղծագործական գործունեությանը: Տարին Բալյանի համար հոբելյանական է լինելու, քանի որ ծրագրված են այլ միջոցառումներ ևս, որոնք հանդիսատեսին կրկին կներկայացնեն կոմպոզիտորի արվեստը և անցած ուղին:

Բալյանը ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում: 1952-1954թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայիանվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանիանվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է սիրելի մասեստրոյին` մաղթելով քաջ առողջություն և նորանոր ստեղծագործական ծրագրերի իրականացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]