Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի 24 աշակերտ Ծիծեռնակաբերդում աղոթեց Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար

Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի 24 աշակերտ Ծիծեռնակաբերդում աղոթեց 
Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տեսնելու եւ Հայոց ցեղասպանության տարելիցին Ծիծեռնակաբերդում ծաղկեպասկ դնելու եւ աղոթելու նպատակով Հայաստան է այցելել Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի 24 աշակերտ: Մինչ այդ նրանք այցելել են Էջմիածին, եղել Մատենադարանում, Գառնիի հեթանոսական տաճարում, որպեսզի հայրենիքի մասին տեղեկություններն ավելի պատկերավոր լինեն:

Երեխաների այցելությունը Երեւան կազմակերպել է ֆրանսահայ գործարար Սարգիս Բոդեյանը: Նախաձեռնությունն արդեն յոթ տարվա կենսագրություն ունի, եւ յուրաքանչյուր տարի Բոդեյանի հովանավորությամբ Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայկական վարժարանների սաները ապրիլի 24-ին այցելում են Երեւան: «Միակ նպատակն այն է, որ մեր սերունդների կապը հայրենիքի հետ չկտրվի, Հայաստանը տեսնելուց հետո Ֆրանսիա վերադառնալով` նրանք չմոռանան, որ հայ են եւ պետք է շարունակեն  պաշտպանել մեր պայքարը եւ հասնեն Ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բոդեյանը:

Փարիզի «Դպրոցասեր» վարժարանում այսօր սովորում է 240 աշակերտ: Վարժարանը մայրաքաղաքի արվարձանում է գտնվում, եւ բազմաթիվ աշակերտներ շուրջ երկու ժամ ճանապարհ են կտրում դպրոց հասնելու համար: Դպրոցի տնօրեն Հայկ Սարգսյանի ներկայացմամբ, ճանապարհը հոգնեցուցիչ է, սակայն աշակերտները դա կատարում են հաճույքով` հասկանալով, որ, հայեցի կրթություն ստանալով, կարող են ամուր պահել կապը հայրենիքի հետ: Ֆրանսիայի հայկական դպրոցներում հայ մանուկներն սովորում են հայոց պատմություն, գրականունություն, եւ Ցեղասպանության թեման նրանց անծանոթ չէ:

«Ապրիլի 24-ին այցելեցինք Երեւան, որպեսզի մանուկները տեսնեն, թե հայրենիքի սրտում ինչպես են հարգում զոհերի հիշատակը: Թող գալիք սերունդն իմանա, որ իրենց պարտականությունն է, որ Արարատը վերադառնա հայրենիք եւ մեր զոհվածների արցունքը դառնա ուրախություն»,- ասում է Հայկ Սարգսյանը:

Վարժարանի սան Թաթուլ Մովսեսյանը Հայաստանում առաջին անգամ է: Յոթերրորդ դասարանում սովորող Թաթուլը մինչ այցելությունը բազմաթիվ գրքեր է կարդացել իր հայրենիքի մասին: «Գրքերի եւ իմ տեսած Հայաստանը տարբեր է: Շատ սիրուն է ու միշտ արեւոտ է: Ուզում եմ, որ հեռավորություն չլինի եւ շուտ-շուտ գանք Հայաստան: Ցեղասպանության մասին դպրոցում անցել ենք: Գիտեմ, որ մեկուկես միլիոն հայ է զոհվել: Նրանք մահացել են, բայց չեն ուրացել իրենց հայրենիքն ու հավատը»,- ասում է նա: Թաթուլը պատմում է, որ Փարիզում ֆրանսիացի ընկերներ շատ ունի: Նրանց պատմել է Ցեղասպանության մասին, սակայն Հայաստան այցելելուց հետո պատմելու է ոչ թե գրքերի, այլ իր տեսած Հայաստանի մասին ու խորհուրդ է տալու ընկերներին, որ ամառային արձակուրդներն իր հայրենիքում անցկացնեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]