Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը Էրդողանի հայտարարությունն անընդունելի է համարում

Հրանուշ Հակոբյանը Էրդողանի հայտարարությունն անընդունելի է համարում

 ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ հայությունը  համայն Սփյուռքով այսօր իր ջանքերը մեկտեղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Մեր պահանջն է, որպեսզի Թուրքիան ընդունի իր կատարած վայրագությունները, և թույլ չտանք, որպեզի աշխարհում այլևս որևէ տեղ կրկնվի նման բան: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մեր խնդիրը ոչ միայն  մեր իրավունքների վերականգնումն է, այլ որպեսզի երբեք նման բան չկրկնվի»,- ընդգծեց Հակոբյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը` նա նշեց, որ  կարծում է, Թուրքիայի վարչապետը հերթական անգամ ցանկանում է  քողի ներքո ցույց տալ, որ ինքը ինչ-որ բան ընդունում է:

«Անընդունելի եմ համարում նրա հայտարարությունը, որովհետև նա փորձում է զոհի և դահճի մեջ հավասարության նշան դնել:
Դա հնարավոր չէ, իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտել, չընդունել նշանակում է, որ Թուրքիայի այսօրվա իշխանություննեևրը շարունակում են ոճրագործությունը, որովհետև ակնհայտ ցեղասպանությունը  չընդունելհ ևս հանցագործություն է»,- ընդգծեց Սփյուռքի նախարարը:

Նա հավատում է, որ Թուրքիան պետք է ժողովրդավարացվի, հավատում է, որ թուրքական հասարակությունը պետք է առերեսվի իր ոճրագործության հետ, և հավատում եմ, որ կգա մի օր, երբ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Մենք պետք է հասկանանք, որ 100-ամյակը սկիզբն է այն մեծ ահագնացող գործի, որ կատարելու է հայ ժողովուրդը, որին միանում են հարյուրավոր ազգեր, պետություններ: Օտարների խոսքը ևս շատ էական է ,կարևոր այս խնդիրը առաջ տանելու համար»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:

 Պատասխանելով Թուրքիայի կողմից հնարավոր հաշտեցման իմիտացիոն քայլերի վերաբերյալ հարցին`   Հակոբյանը նշեց, որ հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ որևէ զիջում,  համաձայնություն չի կարող լինել ցեղասպանության  հարցում, և որևէ հետ նահանջ չի կարող լինել:

«Որովհետև  մենք հայրենազրկվել  ենք, կորցել մեկ ու կես միլիոն մարդ, ենթարկվել մշակութային եղեռնի, իսկ մեր ազգը ցաք ու ցրիվ է եղել աշխարհով մեկ: Թուրքիան ինչ էլ անի, ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- իր դիրքորոշումը հայտնեց Սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով Սփյուռքի քայլերին`Հակոբյանը նշեց, որ Սփյուռքը 80 տարի առանց մեզ փայլուն աշխատել է` երբեք չմոռանալով Հայ դատը և այսօր ահագնացել է,  որովհետև նրան միացել է հայոց պետությունը:

 «Պետական քաղաքականությունը և Սփյուռքի ցանկություններն այսօր համընկնում են, և ես հպարտ եմ, որ աշխարհի որևէ կետում չկա որևէ հայ, հայկական կազմակերպություն և համայնք, որն այսօր չի պայքարում և իր պահանջներն առաջ չի տանում»,-հավելեց նախարարը:

 Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]