Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսահայերը մեծ ակնկալիքներ ունեն Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցից

Ֆրանսահայերը մեծ ակնկալիքներ ունեն Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցից

 ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեպի Ծիծեռնակաբերդ հանրության երթն սկսվել է վաղ առավոտից, այստեղ են ինչպես տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, հայ համայնքների ներկայացուցիչներ աշխարհի մի շարք երկրներից: Կարպիս Մկրտչյանը Հայաստան է եկել Ֆրանսիայից: 

«Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ  բազմիցս այցելել է Հայաստան, սակայն միշտ երազել է ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել ոչ թե Փարիզի հուշարձանի մոտ, այլ Ծիծեռնակաբերդում:

«Այսօր կարողացա այս երազանքս իրականացնել, ինձ հետ են ֆրանսահայ համայքնի ևս 15 ներկայացուցիչներ, ովքեր առաջին անգամ են ցեղասպանության զոհերի հիշատակը հարգում ապրիլի 24-ին Երևանում»,- ասաց Մկրտչյանը:

 Ֆրանսահայերը յուրաքանչյուր տարի շատ լուրջ են նախապատրաստվում ցեղասպանության օրվա միջոցառումների անցկացմանը: Այս տարի էլ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվելու, մատուցվելու է հոգեհանգստյան պատարագ:

«Ֆրանսահեյրի համար շատ կարևոր է, որ այս տարվա փարիզյան միջոցառմանը մասնակցելու է  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, սա ոգևորիչ է, սակայն ֆրանսահայերը լիարժեք բավարարված կլինեն, երբ Օլանդի նախաձեռնությամբ Ֆրանսիայում ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչը:

 Համայնքի մեծ այլ ներկայացուցիչ` Սուրեն Նիկողոսյանը նշեց, որ համայնքն ուշադրությամբ հետևելու է մայիսի կեսերին Օլանդի Հայաստան կատարելիք պետական այցի մանրամասներին և մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը ակտիվ միջոցառումների և հանդիպումների շարք է սկսելու ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրաոխորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]