Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան հեշտորեն չի կարող խոստովանել իր ժողովրդին 99 տարի ստելու փաստը. Ուգուր Ումիթ Ունգոր

Թուրքիան հեշտորեն չի կարող խոստովանել իր ժողովրդին 99 տարի ստելու փաստը. 
Ուգուր Ումիթ Ունգոր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան շարունակում է պահպանել հանցավոր լռությունն ու հետևողական լինել ժխտողական քաղաքականության հարցում:  Թուրքական պետության նման պահվածքն ու դիրքորոշումն ունի ինչպես քաղաքական, տնտեսական, հոգեբանական, այնպես էլ սոցիոլոգիական դրդապատճառներ: Թուրքական պետական շրջանակներում ժխտման և դրա դրդապատճառների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է հայտնի թուրք պատմաբան, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորի հետ:

-Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը արգելափակելու համար Թուրքիայի Հանրապետությունը մեծ ջանքեր է գործադրում: Ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարություններին թուրքական պետությունը շատ խիստ արձագանք է տալիս: Ինչ եք կարծում, ավելի հեշտ չէ՞ր լինի, եթե Թուրքիան առերեսվեր պատմության հետ ու ճանաչեր Հայոց ցեղասպանությունը:

-Անշուշտ, Թուրքիայի համար ավելի հեշտ չէր լինի ճանաչել Ցեղասպանությունը: Ինչպե՞ս դու պետք է բացատրես քո ժողովրդին, որ նրան 99 տարի խաբել ես: Մյուս կողմից, եթե Աբդուլլահ Գյուլը կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեին Երևան, ծաղկեպսակ դնեին Ծիծեռնակաբերդում և ծնկի իջնեին (ինչպես Ուիլլի Բրանդտը), ապա նրանք, անշուշտ, Խաղաղության նոբելյան մրցանակ կստանային: Այսինքն, եթե անգամ  ուժեղ դրդապատճառներ կան, ներքին ճնշումը չափազանց մեծ է Թուրքիայի քաղաքական գործիչների համար, որպեսզի ճանաչեն Ցեղասպանությունը:

-Ապագայում Հայոց ցեղասպանության հարցում հնարավոր համարո՞ւմ եք փոփոխությունը Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ: Եթե այո, ապա դա ինչպե՞ս  և ե՞րբ կարող է լինել:

-Լավ հարց է, սակայն դա վերաբերում է ապագային: Որպես պատմաբան` ես չեմ կարող պատասխանել այդ հարցին:

-Ըստ Ձեզ, Թուրքիայի ժխտողական քաղաքականության պատճառը միայն քաղաքականությո՞ւնն է, թե այլ տնտեսական դրդապատճառներ էլ կան, քանի որ ցեղասպանության հետևանքով խլվեց հայերին պատկանող գույքը:

-Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումը կարող է մեկնաբանվել առնվազն վեց պրիզմաների միջով` քաղաքական, սոցիոլագիական, հոգեբանական, տնտեսական, գենդերային և հուշային: Քաղաքական առումով. բավական ակնհայտ  է, որ թուրքական կառավարությունը սառը մաքիավելիական հաշվարկի միջոցով եկել է այն եզրահանգման, որ Ցեղասպանության ընդունումը հզորության կորստի պատճառ կարող է դառնալ: Ազգայնական և պոպուլիստ ընդդիմադիր քաղաքական գործիչները կապիտալիզացիայի կենթարկեն Ցեղասպանության ընդունման կամ ներողության ցանկացած արտահայտություն: Սոցիոլոգիական առումով. Ցեղասպանության ժխտումն ամրացել է թուրքական ակադեմիական մշակույթի ճնշման արդյունքում: Հասարակական ոլորտում ժխտողական փաստարկների հետ չհամաձայնելը կամ հակահայկական հայտարարությունները դատապարտելը պահանջում է ուժեղ, անկախ կամք` դիմակայելու խմբակային ճնշմանը: Հոգեբանորեն. Ցեղասպանության ընդունումը պետք է հաղթահարի սովորական թուրքերի մեղավոր գիտակցության արգելքը: Հանցագործության ընդունումը` որպես մեծ անարդարություն, բարոյական այնպիսի հիմնարար վերակազմավորումներ կարող է առաջացնել, որ միտքն ընդդիմանում է դրան ինքնապահպանման միջոցով : Քաղաքական փաստարկների տրամաբանական ընդլայնումն էլ Թուրքիայի տնտեսական հետաքրքրությունն է: Ճանաչմանն, անշուշտ, կհետևեն հատուցումը, տուգանքն ու փոխհատուցումը փոքրաքանակ վերապրածներին և նրանց ժառանգներին: Թուրքական կառավարությունն ամենայն հավանականությամբ այս ամենն ընկալում է որպես ռիսկային Պանդորայի արկղ:

-Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր աշխատություններ ունե՞ք:
-Իրականում ոչ: Կարծում եմ, ես իմ փոքր ներդրումն ունեցել եմ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում և այժմ ավելի լայն ուսումնասիրության նախագիծ եմ իրականացնում զանգվածային բռնության հանցագործների վերաբերյալ:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]