Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում եզրափակվեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը

Սեւան քաղաքում եզրափակվեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 5-րդ տարին է, ինչ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին մասնակցում է նաեւ Սեւան քաղաքը` հաստատելով իր նվիրվածությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին: Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում անցած 10 տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր ֆրանսախոսության տարածման, ֆրանսերենին եւ ֆրանսիական մշակույթին մերձենալու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Ֆրանկոֆոնիայի սեւանյան այս տարվա գարունն էլ ամբողջացրել է կատարված աշխատանքները` դառնալով նոր նախաձեռնությունների սկիզբ: Այս  իրադարձությանը քաղաքը պատրաստվել էր պատասխանատվությամբ` կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել էր այս տարվա  մարտի վերջին: Մշակութային արժեքների յուրօրինակ տոնի շարժիչ ուժը երիտասարդներն ու աշակերտներն են եղել, ում միջոցով էլ իրականացվել են  նախատեսված միջոցառումներն ու ակցիաները: Շուրջ մեկ ամիս գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանում կազմակերպվել է ցուցահանդես` «Ֆրանսիական գրականությունը` հայոց լեզվով» խորագրով: Արդեն հանրածանոթ ու սիրելի դարձած գրքերի կողքին ցուցադրվել են  նորերը` հասցեագրված տարբեր տարիքի և նախասիրությունների ընթերցողներին:

Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում ներկայացվել է  նկարչական աշխատանքների ցուցահանդես` «Ֆրանսիական հեքիաթների հերոսները» խորագրով: Դպրոցի սաները գույների ու ստեղծագործական երեւակայության միահյուսմամբ ստեղծել են  բովանդակալից կերպարներ` իրենց սիրելի հերոսներին ներկայացնելով նորովի: Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում էլ կազմակերպել է «Ֆրանսիան իմ աչքերով» խորագրով մրցույթ-ցուցահանդես: Այս դպրոցում ուսուցանվում է ֆրանսերեն` որպես 3-րդ օտար լեզու, եւ ֆրանկոֆոն օրերի շրջանակներում աշակերտները պետական քոլեջում դիտել են  «Ուղղությունը` Հայաստան» ֆիլմը, որը Հայաստանի եւ Սեւանի գանձերը բացահայտելու փորձ էր ֆրանսիական մոտեցմամբ:

Թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում «Կարմիր գլխարկը» տիկնիկային ներկայացման տիկնիկավարները մանկապարտեզի դաստիարակներն են հանդիսացել, որոնք փոքրիկներին մատուցել են հաճելի պահեր` հեքիաթն ուղեկցելով դաստիարակչական, ճանաչողական տարրերով: Սեւանի երաժշտական դպրոցի սաներն էլ երաժշտասերներին հրավիրել են ունկնդրելու ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ երաժշտական տարբեր գործիքների եւ վոկալ կատարումներով:

«Հայ-Ֆրանսիական բարեկամության գույները» նկարչական փառատոն-մրցույթի 16 մասնակիցներն էլ ներկայացել են իրենց  աշխատանքները: «Հայ-ֆրանսիական մշակույթը ամենալավը ուսումնասիրած» անվանակարգում հաղթել է Սասուն Մինասյանը, «Տեխնիկական լուծումներ» անվանակարգում ` Նելլի Գրիգորյանը, «Հանդիսատեսի համակրանքը» անվանակարգում` Էմմի Գրիգորյանը: Ֆրանկոֆոնները կազմակերպել են  նաեւ տոնական քայլերթ, որի մեկնարկը տրվել է  Ս. Զաքարյանի անվան մերձակա հրապարակից եւ ավարտվել Գրենոբլի հրապարակում:

Ֆրանկոֆոնիայի օրերին ակտիվ մասնակցության համար քաղաքապետ Ռ.Ղուկասյանը  խրախուսական եւ դրամական մրցանակներ է հատկացրել հաղթողներին եւ միջոցառումների ակտիվ մասնակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]