Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արեւմտահայերի տեղահանությունն ու հալածանքները շարունակվեցին նաեւ Թուրքիայի Հանրապետության օրոք. թուրքագետ

Արեւմտահայերի տեղահանությունն ու հալածանքները շարունակվեցին նաեւ Թուրքիայի 
Հանրապետության օրոք. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտահայության հալածանքները շարունակվեցին նաեւ Հայոց ցեղասպանության իրագործումից տասնամյակներ անց`Թուրքիայի Հանրապետության օրոք` պետական մշակված ծրագրով ու քաղաքականությամբ: Թեպետ Թուրքիան ստորագրել էր Լոզանի պայմանագիրն ու ազգային փոքրամասնությունների հարցերի վերաբերյալ մի շարք պարտավորություններ ստանձնել, սակայն, կրկին պետական քաղաքականության շնորհիվ, խախտվում էին պայմանագրի դրույթներն ու տեղի ազգային փոքրամասնությունները ենթարկվում էին հալածանքների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանում, ապրիլի 23-ին, «Արդարության հեռանկարներ արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նաեւ ներկայացրեց փաստաթղթղեր ու վկայություններ, թե ինչպես է թուրք հասարակությունն ու կառավարությունը ամեն ջանք գործադրել ցեղասպանությունից հետո երկրում մնացած շուրջ 250 հազար հայերին սպանելու կամ տեղահանելու համար: Թուրքական իշխանության հիմնական նպատակակետը Արեւմտյան Հայաստանում ապրող հայերն էին: Նրանք ցանկանում էին մաքրել տարածքը հայերից` հույս փայփայելով, որ այդ կերպ կկարողանան աշխարհի հիշողությունից էլ մաքրել ոճրագործության հետքերը: «1928թ. Խարբեդում, Մատինայում բնակվում էր 30 հազար հայ, սակայն թուրքական իշխանությունները 1915թ. մեթոդները կիրառեցին եւ հայերին իսպառ տեղահանեցին»,- ասում է Մելքոնյանը: Թուրքագետը նշում է, որ 1947թ., երբ պետությունը ղեկավարում էր Ժողովրդա-հանրապետական քեմալական կուսակցությունը, հրապարակվել է կուսակցության զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ ազգային փոքրամասնություններին: «Կուսակցության ղեկավարությունը գոհացուցիչ էր համարում հանգամանքը, որ հայերին կարողացել են քշել երկրի արեւելյան շրջաններից եւ մեկտեղել մեկ վայրում` Ստամբուլում: «Այդ կերպ ավելի հեշտ կլինի նրանց ոչնչացնելը»,- փաստաթղթի բովանդակությունն է ներկայացնում Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ Թուրքիայի հանրապետություն հռչակվելուց հետո տեղի ազգային փոքրամասնությունները չունեին ոʹչ կրոնական, ոʹչ լեզվական, ոʹչ էլ կրթական արտոնություններ եւ իրավունք:

Երկրում գործող հայկական դպրոցների թիվը 6 անգամ նվազեց, Արեւմտյան Հայաստանում հայկական մշակութային օջախների եղեռն էր կատարվում, իսկ լեզվի հարցում թուրքական իշխանությունը դիմում էր ազգայնականների օգնությանը: «Հայրենակից, խոսիր թուրքերե'ն» ծրագրի շրջանակներում ազգայնականները շրջում էին քաղաքի այն փողոցներով, որտեղ ազգային փոքրամասնություններն էին բնակվում եւ կոչ անում թուրքերեն խոսել: Երիտասարդները խմբերով բնակվում էին այդ թաղամասերում եւ սպառնում կամ ծեծում այն քաղաքացիներին, ովքեր թուրքերեն չէին խոսում»,- ասում է Մելքոնյանը` հավելելով, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հալածանքները շարունակվում են նաեւ այսօր` Էրդողանի կառավարության օրոք, երբ ձերբակալվում են հայ լրագրողներ, ազատամիտ թուրք մտավորականներ, իսկ «Հայոց ցեղասպանություն» արտաբերելու համար դատապարտում են ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am