Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը զորակցում է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը զորակցում է 
Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը դատապարտել է Հայոց ցեղասանության փաստը ժխտելու Թուրքիայի քաղաքականությունը և զորակցություն հայտնել Ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր քայլերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասված է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

«Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն  աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ,  հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց:

Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը:

Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան քսան պետություն և միջազգային կազմակերպություն: Սակայն Թուրքիան չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: Շարունակելով ժխտողական քաղաքականությունը` նա դառնում է անցյալի ոճրագործության մեղսակիցը:

Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է: Այն վաղեմության ժամկետ չունի, երբևէ պետք է դատապարտվի, և հայ ժողովուրդն արդար հատուցում ստանա:

Մենք զորակցում ենք հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր քայլերին, քանզի դրանք ծառայում են պատմական արդարության վերականգնմանը և նոր ոճրագործությունների կանխմանը:

Մենք մերժում ենք այդ հարցում դրսևորվող շահախնդիր մոտեցումներն ու խուսանավումները և կոչ ենք անում աշխարհի առաջատար պետություններին ջանքեր գործադրել հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին: Սակայն, քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել և չի քավել իր մեղքը, պատմության այդ էջը չի կարող փակվել:

Պահանջում ենք ճանաչում և հատուցում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]