Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոխվել է թուրքական հասարակության, բայց ոչ կառավարության կարծիքը. Արիս Նալչի

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոխվել է թուրքական հասարակության, բայց ոչ 
կառավարության կարծիքը. Արիս Նալչի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին մի շարք միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Ստամբուլում, այլև Անկարայում, Դիարբեքիրում, Անթալիայում, Այնթափում, Տիգարանկերտում: Ապրիլի 23-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ, տեսակապի միջոցով այս մասին հայտնեց Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին: «2005 թվականը մի կետ էր, որն ամեն ինչ փոխեց Հայոց ցեղասպանության հարցում, Ստամբուլում տեղի ունեցավ  համաժողով: Իսկ երբ սպանվեց Հրանտ Դինքը կրկին սկսեց բարձրաձայնվել ցեղասպանության մասին,  քրդերը նույնպես  միացան հայերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Նալչին: Նրա խոսքով` արդեն չորրորդ տարին  է, ինչ Թաքսիմ հրապարակում հավաքներ են անցկացվում, ինչը մեծ քայլ է, սակայն բավարար չէ:

Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավարը շեշտեց, որ ի տարբերություն նախորդ տասնամյակների, այժմ մի շարք կրթական հաստատություններում, համալսարանական շրջանակում ավելի շատ է խոսվում Հայոց ցեղասպանության մասին, և այս գործում իր դերն ունի նաև Թուրքիայի նոր սերունդը:

Նա որպես դրական տեղաշարժ դիտարկեց նաև այն հանգամանքը, որ Քրդական կուսակցության ղեկավարը, իր վերջին ելույթներից մեկում մոտ տասը րոպե անդրադարձ է կատարել նաև Հայոց ցեղասպանության խնդրին: «Մարդկանց շրջանում կան փոփոխություններ, բայց թուրքական կառավարության մեջ շատ բան չի փոխվել, նրանց միտքը նույնն է»,- ընդգծեց Նալչին: Նա հայտնեց նաև, որ Վանում ևս ցույցերի անցկացում է ծրագրված: «Ցեղասպանության ճանաչման համար հավաք անցկացնելը մի բան է, բայց պետք է խոսել նաև հետագայի մասին»,- նկատեց բանախոսը:

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ քննարկումներ են տարվում Թուրքիայի տարածքում գտնվող մեծանուն  կոմպոզիտոր Կոմիտասին և բանաստեղծ Եղիշե Չարենցին պատկանող, քանդված վիճակում գտնվող երկու տներում տուն-թանգարաններ կառուցելու վերաբերյալ, սակայն սա դեռևս քննարկման փուլում է, որի ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվել:

Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման եւ փոքրամասնությունների պաշտպանության ստորին հանձնաժողովը, Եվրոպայի խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային կազմակերպությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]