Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում. ՀՀ Նախագահ

Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում  պատասխանեց Սևանա լճի հետ կապված ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի մտահոգությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում ակադեմիկոսը մտահոգություն հայտնեց, որ Ազգային ժողովը կողմ է քվեարկել նախագծին, որով նախատեսվում է ավելացնել Սևանա լճից կատարվող ջրի բացթողումների ծավալը: Ակադեմիկոսը նաև կարծիք հայտնեց, թե այդ բաց թողնված ջուրը գնում է Ադրբեջան: Պատասխանելով ակադեմիկոսի դիտարկմանը՝ ՀՀ Նախագահը վստահեցրեց, որ Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում:

Ջրբաշյանի մտահոգությանն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով կոչ արեց Սևանա լճի վերաբերյալ մասնագիտական խոսք ասել, այլ ոչ թե հուզական: «Ազգային ժողովը Սևանի մասին օրենք է ընդունել, որով սահմանված է, թե ամեն տարի որքան պետք է բարձրացվի Սևանա լճի մակարդակը: Այդ հիմնավորումներն արել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան: Մենք ի՞նչ է, ամեն տարի պետք է հիմնավորումներ անե՞նք: Եթե ցանկանում եք, կանենք ամեն տարի, սակայն դա գիտական մոտեցում չէ»,- ասաց Նախագահ Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, ակադեմիայի կատարած ուսումնասիրությունները հիմք ընդունելով, նախատեսել է ֆինանսական միջոցներ, այդ միջոցները ներդրվել են և ծրագիրն առաջ է շարժվում: «Այսօր մենք այդ ծրագրի բավականաչափ առաջընթաց ունենք: Եվ եթե կապված բնակլիմայական պայմանների հետ` խնդիրներ են առաջացել, ի՞նչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտը չորանա՞, որպեսզի այս տարի բերք չունենա՞նք»,- ասաց Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ հարկավոր է օգտագործել խնայողաբար, օգտագործել այնպես, որ վնաս չհասցվի:

Սերժ Սարգսյանը ակադեմիկոս Ջրբաշյանին ևս մեկ անգամ կոչ արեց Սևանի մասին գիտական խոսք ասել, այլ ոչ թե շահարկել այդ թեման: «Մեր միակ խնդիրը մեր երկրի զարգացումն է: Իհարկե, սերունդների մասին էլ պետք է մտածենք, իհարկե մեր երկրի զարգացումը պետք է ուղեկցվի առանց վնասների, սակայն չի կարելի ուղղակի շահարկել այս թեման, ես խնդրում եմ Սևանի մասին գիտական խոսք ասել»,- եզրափակեց Նախագահը՝ ընդգծելով, որ թեմային անդրադարձավ, քանի որ նկատեց դահլիճում դրա նկատմամբ հետաքրքությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]