Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կայացավ Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն

Կայացավ Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 22-ին կայացավ մեծանուն գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն, որին մասնակցում էին պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքով հանդես եկավ նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Արժեվորելով և բարձր գնահատելով գրողի ներդրումը հայ գրականության ու մշակույթի զարգացման գործում՝ Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Դուք Ձեր ստեղծագործությամբ և նկարագրով դարձել եք մի կենդանի ջահ, որ լուսավորում ու իր հետևից տանում է գրականության ճամփան բռնած նոր սերունդներին: Անգերազանցելի է Ձեր հրապարակախոսության դերը  նոր սերունդների ազգային դիմագծի ձևավորման գործում: Ընդամենը մեկ օրից հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Այս երեկոն խորհրդանշական է նրանով, որ շուրջ կես դար Ձեր ստեղծագործություններով թույլ չեք տվել, որ «ժանգոտվի մարդկության հիշողությունը»:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մեծ գրողին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության հուշամեդալով:

Իր կենդանության օրոք դասական դարձած մեծ գրողի ստեղծագործությունը ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանը: Նա մասնավորապես  ասաց. «Իմ սերնդի համար Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները դուռ բացեցին դեպի ժամանակակից համաշխարհային գրականություն: Նա եղավ այն հզոր անհատականությունը, ով բերեց նոր մատածողություն, նոր հոգեբանություն, իր ապրած ժամանակի գաղափարաբանությունը` սակայն, առանձնանալով իր ինքնատիպությամբ, իր կերտած ազնիվ ու մարտնչող գրական հերոսներով: Նրա ստեղծագործություններում  արտացոլվել են մարդկության ճակատագրի հանդեպ գրողի մտահոգություններն ու տագնապները, նրա գրականությունն արժեվորվում է  մեր պատմության նորարարական մեկնաբանությամբ: Նա խիզախեց և խորհրդային անհանդուրժողականության պայմաններում մեր թատերգության մեջ ևս դարձավ նորարար՝ արծարծելով ցեղասպանության թեման»:

Մեծարման երեկոյի ընթացքում ներկայացվեց Պերճ Զեյթունցյանի անցած ստեղծագործական ուղին, տեսաշարով ցուցադրվեցին հատվածներ, գրողի  հարցազրույցներից, ինչպես նաեւ Արմեն Ջիգարխանյանի, Լևոն Անանյանի, Արմեն Խանդիկյանի, գրողի դստեր՝ Զարմինե Զեյթունցյանի գնահատանքի խոսքերը:

Ներկայացվեց մի դրվագ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրամայից (բեմադրիչ Տիգրան Գասպարյան, Սողոմոն Թեյլերյանի դերում՝ Տիգրան Ներսիսյան):

Իրենց կատարումներով Պերճ Զեյթունցյանին հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի անվան պետական քառյակը, Արարատյան հայրապետական թեմի  «Ծաղկազարդ», ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]