Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակին 
նվիրված խաչքար է օծվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում ապրիլի 21-ին հոգեհանգստի պատարագ է մատուցվել, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, խաչքարի օծման արարողությունը նախագահել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և թեմի հոգևոր դասի ընկերակցությամբ: Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի հետ բացել են խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը:

Դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա մասնավորապես, նշել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հույժ կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է: Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից, սակայն, ցավոք, հայ ժողովրդի դեմ կատարված այդ ոճրագործությունը մինչ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել: Սա ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլև ողջ մարդկության ամոթը, քանզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը և չճանաչումը հետագայում հանգեցրեց նոր ցեղասպանությունների և ոճրագործությունների»:

Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը, ընդգծել է, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիք ձգտող երկիրը պարտավոր է դրսևորել եվրոպական պետությանը պատշաճ քաղաքավարական մակարդակ, բարոյական ուժ և քաղաքական կամք՝ պատմական անժխտելի փաստերի իրողությունն ընդունելու համար, ինչպես դա արեց Գերմանիան` դատապարտելով Հոլոքոստը: «Վերջերս Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ևս լրացուցիչ վկայություն են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը իսկապես հրատապ նշանակություն ունեցող պահանջ է»,- հավելել է դեսպանը:

Դեսպան Մանուկյանը հայտնել է, որ ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Վրաստանում ևս ստեղծվել է հանձնախումբ, որում ընդգրկված են ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի ակտիվ գործիչներ և մտավորականներ: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է հայ ժողովրդի արդար պահանջը հասու դարձնելը նաև մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի հասարակությանն ու իշխանությանը:  

Օծման արարողությանը խոսքով են հանդես եկել նաև Հայաստանի Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ զինված ուժերի Գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, Վրաստանում Բաբտիստական-Ավետարանական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, թբիլիսահայ բանաստեղծ-թարգմանիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանը, ինչպես նաև խաչքարի տեղադրման հովանավոր Հրաչյա Պողոսյանը:

Արարողությանը բացի վերոհիշյալ բանախոսներից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում և Հայաստանում լատինական դավանանքի կաթոլիկական եկեղեցու առաքելության կառավարիչ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Հանս Յոահիմ Կիդերլենը, թբիլիսահայ մշակութային և հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]