Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը կառուցելու շնորհիվ նորովի է բացահայտվել Կարմիր բլուր հնավայրի բացառիկ դամբարանադաշտը

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը կառուցելու շնորհիվ նորովի է բացահայտվել 
Կարմիր բլուր հնավայրի բացառիկ դամբարանադաշտը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:    Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցումը պեղումներ իրականացնողներին հնարավորություն տվեց նոր  բացահայտումներ կատարել Կարմիր բլուր հնավայրում: Ապրիլի 22-ին հրավիրված ասուլիսում «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմիր բլուր հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը հայտնեց, որ 40 հա տարածքով այս հնավայրը բաղկացած է նախաուրարտական բնակավայրից, միջնաբերդ ունեցող ուրարտական քաղաքից:  Հնավայրում պեղումների երկրորդ շրջանն սկսվել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմամբ պայմանավորված ճանապարհաշինական ծրագրի արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի նախագծով այստեղ կառուցվելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաև կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնքով:

«Համաշխարհային պրակտիկայում կիրառվող երևույթ է, որ ցանկացած կարևոր շինարարական աշխատանքի ժամանակ նախ պեղվում են հուշարձանները, և ապա շինհրապարակը հանձնվում շինարարներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  նշեց Սիմոնյանը` հավաստիացնելով, որ մինչև չավարտվեն պեղումները, ճանապարհաշինարարական աշխատանքները չեն մեկնարկի:

 Արշավախումբը Կարմիր բլուրի հնավայրում արդեն պեղել է  շուրջ 30 դամբարան: 

Սիմոնյանի գնահատմամբ, հնավայրում կատարվող դամբարանների պեղումները հնարավորություն կտան ունենալ բացառիկ տեղեկատվություն ծեսերի, ավանդույթների, անցյալին վերաբերող այլ կարևոր երևույթների մասին:

«Մ.թ.ա. 6-րդ դարից մ.թ. 1-ին դարը այն ծառայել է որպես դամբարանադաշտ։ Տարածքը հայտնաբերվել 1939 թվականին,  առաջին պեղումներն ավարտվել են 1968 թվականին:  Դրանց ընթացքում պարզվել է նաև քաղաքի անունը, որը արձանագրությունում նշվում է Թեյշեբաինի անվամբ»,- հնավայրի մասին պատմեց արշավախմբի ղեկավարը:

Կարմիր բլուրի հնավայրը հնագիտական հուշարձաններից մեկն է, որը հանդիսացել է  Վանի թագավորության կամ Ուրարտուի խոշորագույն կենտրոններից մեկը:

«Նախկինում հսկայական ջանքեր են գործադրվել հուշարձանը միջազգային մակարդակով ներկայացնելու համար, սակայն  անկախության առաջին տարիների  բացթողումների հետևանքով հնավայրը վերածվել էր շինարարական աղբի կուտակման վայրի, հիմա էլ հսկայական անելիքներ կան»,- ընդգծեց բանախոսը:

Նա հայտնեց նաև, որ անհատույց կերպով նաև Կարմիր բլուր հնավայրից են նմուշներ ուղարկվել Կոպենհագեն, որը միակ տեղն է հնագիտական ԴՆԹ-ի իրականացման համար: «Մեկ երկու ամիս անց մենք կունենանք ԴԹԻ-ի առաջին տվյալները»,- ասաց Սիմոնյանը` հավելելով, որ Կարմիր բլուրի դամբարանադաշտն  այնպիսի հսկայական հնագիտական տեղեկատվություն է պարունակում, որի մասին  երազել անգամ հնարավոր չէր:

Նա ողջունելի համարեց պեղումներն իրականացնելու գործում ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև Ասիական բանկի շահագրգռվածութունը և ներդրումները:

Այժմ Կարմիր բլուր հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավարը սպասում է պեղումների նոր շրջանի մեկնարկին: Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց նաև այն օտարերկրյա արշավախմբերին, որոնք աջակցել են իրենց` պեղումներն իրականացնելու գործում:

 Ապրիլի 16-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում այցելուներին է ներկայացվել  «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսը, որում ցուցադրված էին  Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մ.թ. 1-ին դար։ Ցուցադրությունում ներկայացված են կենցաղային խեցեգործական ու ապակե առարկաներ, զարդեր, զենքի բրոզե մասեր և այլն։ Հնավայրում իրականացվող պեղումների և ցուցահանդեսի մասին նկարահանվել է փոքրիկ ֆիլմ, որը ցուցադրվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]