1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ցեղասպանության կենդանի վկաների հուշերը ներկայացնող «Ականատեսը» հատուկ նախագիծն ամփոփում է աշխատանքի մեկ տարին

Ցեղասպանության կենդանի վկաների հուշերը ներկայացնող «Ականատեսը» հատուկ 
նախագիծն ամփոփում է աշխատանքի մեկ տարին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարազատների և հայրենիքի կորուստ, արցունքներ, սարսափ, դաժանություն, գաղթի ճանապարհ. սա է դաջված Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության կենդանի վկաների հուշերում:  «Արմենպրես» լրատվական գործակալության «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում իրենց երբեմն աղոտ, երբեմն շատ վառ հուշերը ներկայացրին հենց իրենք` ականատես-վերապրողները:  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ  իրականացված նախագիծը մեկ տարի շարունակ ընթերցողի դատին հանձնեց  նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների 21 պատմություն: Նախագծի առաջին` երևանյան շարքի շրջանակում մենք ներկայացրել ենք տասը պատմություն, որից հետո Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստացած դրական արձագանքները, ինչպես նաև տարբեր կառույցների` այդ թվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համագործակցության առաջարկները հիմք հանդիսացան երկրորդ` մարզաբնակ ականատեսներին նվիրված շարքն իրականացնելու համար: Մարզաբնակ ականատեսների ճնշող մեծամասնության 100-ամյակը վաղուց է բոլորել, մի քանիսն էլ մեկդարյա խորհրդանշական հոբելյանի նախաշեմին են:

Մեր  ստեղծագործական խմբի առաջին կանգառը Արմավիրի մարզն էր, ուր ցեղասպանությունը վերարապրածների թիվն ամենից շատն է, իսկ  ճնշող մեծամասնության հայրենիքը  պատմական Մուսա լեռն է: Ինչպես երևանաբնակ ականատեսների, այնպես էլ մարզաբնակերի դեպքում մենք ունեցել ենք տվյալներ միայն մեր պատմության հերոսների բնակության վայրի մասին, հետևաբար նախապես զանգահարելու և հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն չի եղել:

Նախագծի առաջին հերոսը դարձավ 99-ամյա Նեկտար Ալատուզյանը, ում պատկառելի տարիքն իր ակտիվության համար խոչընդոտ չէ: Էջմիածնի կենտրոնում սեփական տան այգու բարեկարգման ամենօրյա աշխատանքներում վարժ շարժումներով ներգրավված Նեկտար տատիկը մեր այցից չզարմացավ, փոխարենը, մեր ինքնությունը ճշտելուց հետո, մեծ ոգևորությամբ սկսեց իր հետաքրքիր ապրումներն ամփոփող վերհուշը, որը նրան անմիջապես տեղափոխեց դեպի հայրենի բնաշխարհ` Մուսա լեռ:

Նախագծի երկրորդ  պատմությունը Արմավիրի մարզի ամենատարեց բնակիչներից մեկի` նույնպես մուսալեռցի 103-ամյա Խոսրով Ֆրանգյանի մասին էր: Ցեղասպանության ականատեսներից շատերի նման պատմական հայրենիքից հեռանալուց հետո նրա կյանքն էլ լեցուն է եղել շրջադարձային իրադարձություններով, որոնք ինքը, ի տարբերություն շատերի, հիշում է հստակ հաջորդականությամբ: 

Արմավիրի մարզում ցեղասպանության ականատեսների որոնումների ընթացքում մեր ստեղծագործական խումբը եղավ նաև Էջմիածնից 10 կմ հեռավորությամբ գտնվող Ապագա գյուղում, որտեղ բնակվում է 105-ամյա Խազալ Հասոյանը: Եզդի ականատեսը ծնվել է 1908 թվականին Սուրմալու գավառի Իգդիր գյուղաքաղաքում:

 Նախագծի ստեղծագործական խումբն այցեց նաև Գյումրի, ուր հսկայական տանը մեն-մենակ  բնակվում է կյանքի առանձնակի հուզիչ պատմություն ունեցող 102- ամյա Վարազդատ Մանուկյանը: Մեր այցից փոքր-ինչ զարմացած ծերունուն երկար ժամանակ պետք չէր վստահությամբ լցվելու համար: Վերլուծական նախանձելի կարողություն և լավ հիշողություն ունեցող մարդը  պատրաստակամ էր սկսել վերհուշը, որը պարբերաբար ընդհատվում էր ոչ միայն իմ հարցադրումներով, այլև նրա աչքերից հոսող արցունքներով: 1911 թվականին Ղարսում ծնված Վարազդատ Մանուկյանն իր ընտանիքի պատմությունը հիշում է դեպի Գյումրի գաղթի ճանապարհից: 

Էջմիածին քաղաքի բնակիչ Սուտե Քոչարյանի արտաքին տեսքն ու առույգությունը թույլ չին տա կռահել, որ տան ձեղնահարկում  կենցաղային հարցերով զբաղված կինը 104 տարեկան է: Նա օժտված է կյանքի հետաքրքիր ընկալմամբ և հումորով:  Մեր ստեղծագործական խմբի գալստյան  մասին իմանալով` կատակեց, որ չէր մտածի, որ այս տարիքում ինքն էլ մի օր հայտնի կդառնա, ինչպես իր դիտած սերիալների հերոսները:

Արմավիրի մարզում ականատեսների պատմությունները հավաքագրվել են 2013 թվականի օգոստոսին, նյութի հրապարակումից կարճ ժամանակ առաջ ցավով տեղեկացանք Մովսես Դերմիշյանի մահվան մասին: 105-ամյա ծերունին օրվա մեծ մասը միայնակ էր լինում, քանի որ նրան խնամող միակ թոռը ցերեկային ժամերին աշխատում էր: Մուսա լեռան պատմական օրերի ականատեսը լավ հիշողություն ուներ, ինչը նրան թույլ տվեց  ընտանիքի պատմությունը մեզ ներկայացնել հստակ հաջորդականությամբ: 

2014 թվականին նախագծի առաջին հերոսը Մուշում ծնված 105-ամյա  Հերիքնազ Մուրադյանն էր: Հսկա պղնձե կաթսայով եփած հարիսան ու սեղանի շուրջ հավաքված մեծ գերդաստանը 1909 թվականին ծնված Հերիքնազ Մուրադյանին ամենից շատն են հիշեցնում ծննդավայր Մուշը: Նրա ընտանիքը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բազմանդամ  ընտանիքներից մեկն է, ուր մեկ հարկի տակ ապրում է հինգ սերունդ:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Պտղունք գյուղի տներից մեկի բնակիչը Մուսա լեռան գյուղերից մեկում 1910 թվականին ծնված Խաչիկ Պեպիսյանն է: Միայնակ տարեցը երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, այնուհետև տեղափոխվել է Պտղունք, ուր, չնայած տարիքին և առողջական խնդիրներին, միայնակ է ապրում: Անհնար է միանգամից չզարմանալ 104-ամյա ծերունու առույգությամբ: Մեր ստեղծագործական խումբը նրան փնտրում էր տանը, բայց գտավ տան կտուրին, ուր բարձրացել էր սեփական ձեռքերով աճեցրած խաղողը մշակելու: 

Պատմությունների հավաքագրման աշխատանքները մեզ տարան նաև Արարատի մարզ: Ավշար գյուղի ամենատարեց բնակչուհին` 99-ամյա Մաքրուհի Գևորգյանը սեփական ձեռքերով կառուցել է շուրջ 60-ամյա կենսագրություն ունեցող «Սուրբ Նարեկ» աղոթատեղին: Փոքրիկ սրբավայրում տեղ են գտել նրա ծննդավայր Վանից բերված բացառիկ մասունքներ, սրբապատկերներ, խաչքարեր, որոնք հետագայում համալրվել են նաև հավատը խորհրդանշող այլ նմուշներով: Անասելի հուզիչ էր նրա թոռնուհու` Մարինե Հակոբյանի հոգատարությունը տատի հանդեպ, ով կես կատակ, կես լուրջ նշեց. «Տատիկս մեր թագուհին է»:

Այգավան գյուղում տներից մեկի դիմաց, տարվա տաք եղանակին փայտյա փոքրիկ նստարանին է սովորաբար իր առօրյայի մի մասն անցկացնում 1915 թվականին Սիրիայում ծնված Մարիամ Սահակյանը, ում ընտանիքը Սիրիա է գաղթել Սասունից: Նրա կյանքի  ճակատագրական և հիշարժան դրվագներից է այն պահը, երբ մոտ 25-30 տարի իր սիրիաբնակ եղբայրներին չտեսնելոց հետո 7 տարի առաջ նրանց հետ հանդիպել է Այգավանում, եղբայրներն էին եկել իրենց քրոջը տեսնելու:  

107-ամյա Մարիամ Գրիգորյանին որդու` արտերկիր աշխատելու նպատակով մեկնելու լուրը խոր վիշտ էր պատճառել: Նա պատրաստվում է ճանապարհել որդուն, բայց առատ հոսող արցունքների միջից անցյալը հիշելու մեր առաջարկը չի մերժում: Մարիամը Արարատի մարզի Վանաշեն գյուղի ամենատարեց բնակչուհին է, ծնվել է Թուրքիայի Միդյաթ գյուղաքաղաքում:  Գրիգորյանը Հայաստանի տարածքում ցեղասպանության արհավիրքը վերապրած ամենատարեց երկարակյացներից մեկն է: 

Առանձնակի շնորհակալություն ենք ցանկանում  հայտնել ականատես-վերապրողների ընտանիքների յուրաքանչյուր անդամին, ովքեր մեր այցից փոքր-ինչ զարմանալով հանդերձ, կտրվելով իրենց առօրյա գործերից` մեզ ընդունում էին գրկաբաց,  մեծ հյուրընկալությամբ: Հետաքրքրական և երբեմն էլ զավեշտալի էին մեր զրույցները գյուղացիների հետ` մեզ պետք եղած հասցեները որոնելիս: Նախագիծն ինքնաբերաբար հարթակ հանդիսացավ նաև վերապրողների խնդիրների վրա հանրության ուշադրությունը հրավիրելու համար: Նախագծի ամենաառաջին հերոսը` վանեցի  Ահարոն Մանուկյանն  այս տարի մարտի 20-ին նշեց իր 100-ամյակը,  մեր  կոչին ի պատասխան  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հանձնարարականով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի աշխատակիցները Մանուկյանի ծննդյան օրն այցելեցին նրան`տրամադրելով դրակաման օգնություն: 

 Կանխագուշակում էինք, որ լրագրողական այս նախաձեռնությունը շատերին անտարբեր չի թողնի, սակայն մեր գլխավոր նպատակը ոչ թե գովասանքի խոսքեր լսելն էր, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացքում գուցե փոքր, բայց սեփական ներդրումն ունենալը: Ուշագրավ է եւ մեզ համար ուրախալի, որ նախագծի պատմությունները, «Արմենպրես»-ին արված հղումներով եւ երբեմն այլ լեզուներով թարգմանությամբ, անդրադարձ են գտել այլ լրատվամիջոցներում:

Նախագծի նպատակն էր եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեր պահանջն ավելի քան արդար է և հիմնավորված, ինչպես նաև հանրության ուշադրությունը ցեղասպանության կենդանի վկաների խնդիրների վրա հրավիրելը:  Հայոց ցեղասպանությունը վերապրածների թիվը  տարեցտարի պակասում է: Հայաստանում բնակվում են ցեղասպանությունը վերապրած 40 անձ: Նրանցից շատերն ունեն հիմնականում առողջական և սոցիալական խնդիրներ, երբեմն էլ պարզ մարդկային ջերմության, իրենց դժվարին ճակատագիրը վերհիշելու, զրուցելու կարիք` չնայած ոչնչից չեն դժգոհում:  

Առաջիկայում մենք ծրագրում ենք շարունակել մեր հրապարակումները` ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը վերապրած մյուս մարզաբնակ, ինչպես նաև սփյուռքյան ականատեսների արժեքավոր հուշերը:

Հատուկ շնորհակալութուն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանին` սերտ  համագործակցության համար:

Նախագիծն իրականացրին հեղինակ Տաթևիկ Գրիգորյանը, լուսանկարիչ Արևիկ Գրիգորյանը, լրագրող Անի Նազարյանը, ֆոտոխմբագիր Լևոն Զարաֆյանը, թարգմանիչներ Լյուսյա Դերցակյանը և Ժիրայր Անանյանը, թուրքագետ Արաքս Կասյանը, ինչպես նաև համակարգչային մասնագետներ Սոնա Սարգսյանը և Սոնա Գևորգյանը, վարորդ Գեւորգ Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]