Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջին աշխարհամարտի քողի տակ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. միջազգային գիտաժողով

Առաջին աշխարհամարտի քողի տակ իրականացվեց 20-րդ դարի առաջին 
ցեղասպանությունը. միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» գիտաժողովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  նորաբաց գիտաժողովների սրահում ապրիլի 21-ին միավորեց առաջատար մասնագետների Ռուսաստանից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից: Երկօրյա գիտաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվելու Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազակերպված հայերի զորակոչին. նրանց զինաթափմանը, երիտթուքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը:

«Առաջին աշխարհամարտի քողի տակ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, առաջին ոճրագործությունը: Առաջին աշխարհամարտը ստեղծեց առիթը, ժամանակը և հնարավորությունը կանխամտածված հանցագործությունն ի կատար ածելու համար այն ակնկալիքով, որ այն անպատժելի է մնալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` հավելելով, որ մի շարք պատերազմական գործողություններ իրականում հենց ցեղասպանական գործողություններ էին: Դրանց թվին է դասվում շուրջ 4000 մուսալեռցիների տարհանումը: Դեմոյանի գնահատմամբ` ուսումնասիրության է արժանի Առաջին համաշխարհային պատերազմի յուրաքանչյուր դրվագ:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Նադեին-Ռաևսկին`  «Կովկասում պանթուրքիստական գործակալական ցանցի գործունեությունն Առաջին աշխարհամարտի տարիներին» ցեկույցը ներկայացնելիս շեշտեց, որ պետք է ներկայացնել իրական ճշմարտությունը և պատմությունը չդարձնել գործիք: «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ոճրագործությունն է, բայց ցավոք ոչ միակը»,- ընդգծեց զեկուցողը:

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի պրոֆեսորԱրսեն Ավագյանը, «Թեշքիլատ-ը Մահսուսայի» գործունեությունը Կովկասյան ճակատում» թեման ներկայացնելիս, հայտնեց, որ Թուրքիայում մի շարք արժեքավոր աշխատություններ են լույս տեսել և «Թեշքիլատ-ը Մահսուսայի» գործունեությունը հանգամանալից լուսաբանված է  եղել, ինչը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված:

Մասնագիտական քննարկման ընթացքում միջազգային գիտաժողովի մասնակիցներն անդրադարձ են կատարելու նաև պանթուրքիստական ցանցի գործունեությանը, օտարազի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերի, պատերազմող երկրիների դիվանագիտության դերին:

 «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» գիտաժողովից անմասն չեն մնա նաև վկայությունների, հայ կամավորակա շարժման, հայ գաղթականության վերապրողներին առչնվող հարցերը: Գիտաժողվն իր արդյունքները կամփոփի ապրիլի 22-ին:

Պատմական ակնարկ: Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ծավալվում էին լայնածավալ որոշիչ ռազմական գործողություններ, մոտ լինելով մերձավորարևելյան ճակատին, կենտրոնացրել էր բավական մեծ ռազմական ռեսուրսներ` ըստ այդմ ունենալով որոշակի ազդեցություն պատերազմի վերջնական ելքի վրա:

Երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց հայերի` նախապես ծրագրած ցեղասպանությունը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաև Կովկասի և Հյուսիսային Իրանի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց տարածաշրջանի հույն, ասորի և եզդի բնակչությունը:

Կովկասյան ճակատի պատերազմական գործողությունների ընթացքում մարդասիրական օգնությանը և փախստականների բազմաթիվ խնդիրներին առնչվող հարցերն առանցքային էին, քանի որ այստեղ էին կենտրոնացել թուրքական կոտորածներից փրկված մեծ թվով փախստականներ, ովքեր գաղթել էին նահանջող ռուսական զորքերի հետ: Մարդասիրության ճգնաժամի պայմաններում գործում էին բազմաթիվ հայկական, ռուսական և ամերիկյան մարդասիրական կազմակերպություններ (Մոսկվայի հայկական կոմիտե, Համառուսաստանյան քաղաքների միություն, Ռուսական «Կարմիր խաչ», Տատյանինյան կոմիտե, Ամերիկյան նպաստամատույց և այլն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]