Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի նախագահը «Սեւոլ»-ի նավապետի գործողությունները համեմատել է սպանության հետ

Հարավային Կորեայի նախագահը «Սեւոլ»-ի նավապետի գործողությունները համեմատել է սպանության հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ապրիլի 21-ին խիստ քննադատության է ենթարկել խորտակված «Սեւոլ» լաստանավի նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործողությունները: Նշելով, որ նրանք առաջինների թվում են լքել նավը եւ առանց օգնության թողել հարյուրավոր ուղեւորների, պետության ղեկավարը նրանց գործողությունները հավասարեցրել է սպանությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործելակերպն անըմբռնելի է ողջամտության տեսանկյունից եւ դա նման է սպանության ակտի, ինչն անկարելի է թույլ տալ»,- հայտարարել է Պակ Կին Հեն: Նա նաեւ խոստացել է բացահայտել լաստանավի շահագործման բոլոր խախտումները եւ «քրեական ու քաղաքացիական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:

Դատախազության ու ոստիկանության կողմից համատեղ ստեղծված հետաքննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղետի պահին նավը վարում էր ոչ թե նավապետը, այլ՝ նրա երրորդ օգնականը:

Ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա այն կարող էր կապված լինել լաստանավի ուղղության կտրուկ փոփոխման հետ, ինչը հանգեցրել է բեռների տեղաշարժին: Իշխանությունները մտադիր են պատահածի հանգամանալի հետաքննություն անցկացնել, որպեսզի ապագայում բացառեն նման ողբերգությունների կրկնվելը:

«Սեւոլ» լաստանավի աղետի կապակցությամբ կառավարությունն ապրիլի 20-ին որոշում է ընդունել Կյոնգիդո նահանգի Անսան քաղաքը եւ Չինդո կղզին, որտեղ գտնվում է որոնողա-փրկարարական գործողության շտաբը, հայտարարել աղետի հատուկ գոտիներ:

Ըստ վերջին տվյալների՝ հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Գործնականում այլեւս չկան հույսեր, որ մինչ այժմ չգտնված 302 ուղեւորներից ու անձնակազմի անդամներից որեւէ մեկին կհաջողվի ողջ գտնել: Փրկվել է 174 մարդ, ներառյալ նավապետը եւ անձնակազմի հիմնական մասը:

Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում է 212 նավ ու կատեր, այդ թվում՝ առափնյա պահպանության ծառայության 90 նավ, երկրի ռազմածովային ուժերի 32 նավ, 34 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 556 փրկարար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]