Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանցի լրագրողները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ժիրինովսկու

Ռուսաստանցի լրագրողները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ժիրինովսկու

ԵՐԵՎԱՆ 19 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ նա առանց որեւէ պատճառի գոռգոռացել եւ վիրավորել է Russia Today-ի հղի լրագրողին: Միջադեպից հետո լրագրողին շտապ օգնության մեքենայով տարել են հիվանդանոց: Բժիշկների խոսքով` լրագրողի վիճակը ծանր է, նա պետք է մի քանի օր մնա բուժանձնակազմի վերահսկողության տակ. մեծ է պտուղը կորցնելու վտանգը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, վերոնշյալ միջադեպը մեծ դժգոհություն է առաջացրել հասարակական տարբեր շրջանակներում եւ սոցցանցերում: Պետդումայում հավատարմագրված լրագրողները առավոտվանից ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ժիրինովսկու: Նրանք պահանջում են, որ հարցը քննվի էթիկայի հանձնաժողովում, Ժիրինովսկին էլ ներողություն խնդրի լրագրողից: Ստորագրահավաքին մասնակցել են հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներչը. նրանք հայտարարել են, որ Ռուսաստանում լրագրողների իրավունքները պաշտպանված չեն եւ քաղաքական գործիչները պետք է հարգեն իրենց մասնագիտությունն ու ավելորդ անդաստիարակությամբ աչքի չընկնեն:

Հայտարարություն է տարածել նաեւ Russia Today-ի ղեկավարությունը` պահանջելով, որ Ժիրինովսկին ներողություն խնդրի: Հակառակ պարագայում լրատվամիջոցը կդիմի դատարան` բարոյական վնասի փոխհատուցման եւ լրագրողին անհիմն վիրավորելու համար:

Արդեն երկրորդ օրն է` Ժիրինովսկին չի պատասխանում հեռախպոսազանգերին: Կուսակցությունում ասում են, որ առաջնորդը տեղում չէ, եւ իրենք չեն կարող մեկնաբանությամբ հանդես գալ:  

Մինչ Ժիրինովսկին լռություն է պահպանում, «Եդինայա Ռոսիա»-ի առաջին փոխնախագահ Նիկոլայ Բուլաեւը քննադատել է միջադեպը՝ համարելով այն ամոթալի երեւույթ:  Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության եւ վետերանների հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Իսաեւն էլ հայտարարել է, որ էթիկայի հանձնաժողովը չի կարող պատժամիջոց սահմանել, հետեւաբար լրատվամիջոցը պետք է դիմի դատարան: Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վսեվոլոդ Բոգդանովն էլ ամոթալի է որակել Ժիրինովսկու նման պահվածքը:

Միջադեպը քննադատել են նաեւ Ռուսաստանում գործող իրավական եւ հասարակական կազմակերպությունները, լրագրողական հիմնախնդիրներով զբաղվող կառույցները: Պետդումայի Էթիկայի հանձնաժողովը հարցը կքննարկի մեկ ամսվա ընթացքում:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am