Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում կռվող ադրբեջանցի մոջահեդների նոր տեսանյութ է տարածվել համացանցում

Սիրիայում կռվող ադրբեջանցի մոջահեդների նոր տեսանյութ է տարածվել 
համացանցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տարածվել է Սիրիայում կառավարական ուժերի դեմ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների մասին տեսանյութ, ովնքեր պատրաստվում են Եփրատի ափին գրաված տարածքում խալիֆայություն (կրոնական միապետություն) հայտարարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ադրբեջանցի մոջահեդներն ասում են, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» խմբավորման վերահսկողության տակ արդեն մեծ տարածք է գտնվում: Նրանք հայտարարում են, որ խալիֆայությունը, որի ստեղծման մասին շուտով կհայտարարվի, արդեն ունի հիդրոէլեկտրակայան, տնային կառավարչություն, հացի գործարան, ինչպես նաեւ դատարան եւ ոստիկանություն, որոնք գործում են շարիաթի օրենքներով: «Այդ բոլորը մեզ Ալլահն է տալիս: Մենք երախտապարտ ենք դրա համար: Մենք որոշել ենք մեր սահմանները եւ մոտ ժամանակում կհայտարարենք խալիֆայության ստեղծման մասին», -ասում է ադրբեջանցի մոջահեդը:

Տեսանյութում, որը, ինչպես երեւում է, նկարահանել է APA-ի թղթակիցը, հատուկ ներկայացված է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրետանային ջոկատի հրամանատար, Թոփչուբաշեւ ազգանունով Ադրբեջանի քաղաքացին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով  քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) վարել Սիրիայում:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 80-ը:  Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ Ադրբեջանի միջեւ կապերը սկսվել են 1990-ականների սկզբին` ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհաջողություններ կրող եւ կորուստներ տալով հետ շարժվող ադրբեջանական բանակն ու երկրի ղեկավար Հեյդար Ալիեւը, փորձելով փրկել իրավիճակը, ԼՂՀ հայ բնակչության դեմ պատերազմում ներգրավել են միջազգային ահաբեկիչների եւ արմատական խմբավորումների անդամների Աֆղանստանից (Գուլբեդին Հիքմեթյարի խմբավորում), Թուրքիայից («Գորշ գայլեր» եւ այլն), Չեչնիայից (Բասաեւի, Ռադուեւի խմբավորումներ եւ այլն) եւ այլ շրջաններից:

Թեեւ ադրբեջանական բանակի կազմում հազարավոր արտասահմանցի վարձկաններ եւ ահաբեկիչներ էին կռվում, ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ անհաջողությամբ ավարտվեց, եւ Բաքվի իշխանությունը հարկադրված զինադադար ստորագրեց ԼՂՀ եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Սակայն, այդ տարիներին միջազգային ահաբեկիչները անհրաժեշտ կապեր հաստատեցին Ադրբեջանի հետ եւ հարյուրավոր ադրբեջանցիների զինվորագրեցին ու ուղարկեցին Աֆղանստան եւ Հյուսիսային Կովկաս, այժմ էլ` Սիրիա:

Jam.az լրատվական կայքը հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) եւ «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես են եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտատարարելու Ադրբեջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]