Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավագ շաբաթ. դժոխքի ավերում. հոգեւոր խորհուրդն ու տոնի պատրաստությունը

Ավագ շաբաթ. դժոխքի ավերում. հոգեւոր խորհուրդն ու տոնի պատրաստությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրիլի 19-ին նշում է Ավագ շաբաթը: Օրվա խորհուրդը մեկնում է Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը. «Շաբաթ օրը Տերը Մարմնով մնաց գերեզմանում, իսկ Հոգով իջավ դժոխք և ազատագրեց արդար ննջեցյալների հոգիները։ Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ (սկիզբը ժ. 18.00-ին), երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը: Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ժամը 17:30-ի երեկոյան ժամերգությանը կհաջորդի Ճրագալույցի Սուրբ Պատարագը` պատարագիչն է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ապրիլի 20-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցիներում կմատուցվի պատարագ` հիշատակ է Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի համայն հայ ժողովրդին:

Ավագ շաբաթվա երեկոն հայկական ընտանիքներում տոն է` միմյանց ավետում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Ճրագալույցի երեկոյին ու հաջորդ օրը` Զատկի տոնին, ընդունված է սեղանին բրնձով փլավ ունենալ. սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին: Կանաչեղենն ու ձկնեղենը եւս տոնի ուտեստների անբաժանելի մասն են: Պարտադիր է կարմիր ձուն ու կարմիր գինին: Եկեղեցականների մեկնությամբ` ձվի կեղեւը տիեզերքն է, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջրերը, դեղնուցը` երկիրը, իսկ վրայի կարմիր գույնը խորհրդանշում է, որ ամբողջ տիեզերքը փրկվել է Քրիստոսի արյամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]