Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ խոստացավ լուծումներ տալ շարժման բարձրացրած հարցերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ խոստացավ 
լուծումներ տալ շարժման բարձրացրած հարցերին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀ նախագահական նստավայրի մոտ ակցիա իրականացնող «Դեմ եմ» շարժման մասնակիցներին: Նա նախ լսեց նրանց պահանջը, ապա դիմեց շարժման մասնակիցներին: «Ձեր բոլոր մտահոգություններին տեղյակ եմ, առաջին քայլը կատարել ենք, մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Մենք պատրաստ ենք գործնական քննարկումներ սկսել եւ միասին կարող ենք ունենալ հաջողություն` համատեղ քննարկումների արդյունքում»,- հայտարարեց վարչապետը:

Նա առաջարկեց ձեւաչափ` ներգրավվել ստեղծված աշխատանքային խմբում, որը աշխատում է, եւ կունենա բոլոր մտահոգությունների պատասխանը: Հովիկ Աբրահամյանը կոչ արեց երկխոսություն սկսել: «Մենք կարող ենք չսպասել մինչեւ սեպտեմբերի 30-ը, մինչեւ հուլիսի վերջ կունենանք որոշում, որը ընդունելի կլինի բոլորի կողմից»,- նշեց նա: «Հիմա» գոչյուններին ի պատասխան` վարչապետն ասաց, որ շարժման մասնակիցների մոտեցումը կառուցողական չէ, քանի որ հիմա լուծում առաջադրել հնարավոր չէ:

Վարչապետը նշեց, որ կատարել է առաջին քայլը` առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը եւ պատրաստ է մինչեւ ապրիլի 28-ը քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է կասեցումը: Նա կոչ արեց վերջնագրերով չխոսել, միասին քննարկել հարցերը: «Մենք ձեր թշնամին չենք: Այն, որ գնալու ենք զիջումների, որ քայլեր ենք իրականացնելու, դա փաստ է: Առաջարկում եմ առավոտյան հանդիպել, ձեւակերպել հարցադրումները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Դեմ եմ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ դեմ են ոչ թե կուտակային համակարգին, այլ կուտակայինի պարտադիր բաղադրիչին: Շարժման ակտիվիստները ընդգծեցին, որ կառուցողական են գնահատում վարչապետի քայլը և պատրաստ են քննարկել նոր մշակվող օրինագծի դրույթները: «Մեր պայքարը պարտադիր բաղադրիչի դեմ է, մենք պայքարում ենք ՍԴ որոշումը հարգելու համար: Այն պայքար չէ ամբիցիաների համար, ոչ էլ` պայքար անձերի դեմ: Կա իրավիճակ, երբ հասարակության մի հատվածը չի վստահում կառավարությանը: Իսկ տույժերի կիրառման կասեցմամբ կվերականգնվի վստահությունը կառավարության նկատմամբ, եւ շարժման ակտիվիստները կմիանան օրենքի նոր նախագծի մշակման աշխատանքներին»,- հայտարարեց «Դեմ եմ»-ի մասնակից Դավիթ Մանուկյանը:

«Դեմ եմ»-ի անդամները նշեցին, թե ակնկալում են, որ մինչեւ ապրիլի 20-ը կառավարությունը կհրապարակի նախագիծը, որը ապրիլի 28-ին պետք է քննարկվի Ազգային ժողովում:

ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն` Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին: Իսկ ապրիլի 18-ին ՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]