Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը վերահաստատել են համագործակցությունը 
շարունակելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը, բարձր գնահատել ԱՄՆ աջակցությունը մեր երկրում իրականացվող ռեֆորմներին և վերահաստատել կառավարության՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը: «ՀՀ կառավարությունը` հանձինս վարչապետի շարունակելու է ամրապնդել և ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որ եղել է այս տարիների ընթացքում: Համոզված եմ, որ ապագայում սերտ համագործակցելու ենք, և ակնկալում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակելու և ավելի մեծ թափով իրականացնելու գործում», - նշել է վարչապետ Աբրահամյանը:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Հովիկ Աբրահամյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ մինչ օրս ծավալված  և ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ պարոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կսերտանան և կամրապնդվեն:

Դեսպանի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ընթացիկ բարեփոխումների շարունակականության ապահովման և նոր ռեֆորմների իրականացման տեսլականը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն աշխատելու է թափանցիկ և բաց է լինելու հասարակության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է քննարկվի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի այն ճիշտ ներկայացվի, ընկալելի լինի հանրության համար և ծառայի իր նպատակին:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության մի շարք ուղղությունների և ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո մանրամասն քննարկել երկկողմ բազմավեկտոր գործակցության հեռանկարները և հետագա ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]