1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեկ տարի անց մեկ այցը բավական չի լինի Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրությանը ծանոթանալու համար

Մեկ տարի անց մեկ այցը բավական չի լինի Հայոց ցեղասպանության թանգարանի 
ցուցադրությանը ծանոթանալու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տեխնոլոգիաների կիրառում, փոքրիկ կինոսրահներ, հպումով էկրաններ. ուղիղ մեկ տարի անց այս և շատ այլ նորարարությունների միջոցով կներկայացվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը: Ապրիլի 18-ին կառույցի նոր վարչական մասնաշենքում հրավիրված ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնեց, որ առաջիկայում մեկ այցը բավական չի լինի թանգարանի բոլոր ցուցանմուշներին ծանոթանալու համար, այլ միայն  երկրորդ-երրորդ այցելության ժամանակ հնարավոր կլինի ստանալ ամբողջական  պատկերացում, նոր տեղեկատվություն  թանգարանի ողջ ցուցադրության վերաբերյալ, ինչը նա գիտական, հավաքչական աշխատանքի արդյունք է համարում:

«Նոր կառույցում է տեղաբաշխված  թանգարանի վարչական մասը, պահոցները բավական ընդարձակ են:  Ապրիլի 21-ին այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալ ժամանակավոր ցուցադրության հետ Փոքր սրահում»,-հայտնեց Դեմոյանը: Նրա տեղեկացմամբ, վարչական մասը կունենա նաև նոր սրահ`գիտաժողովներ անցկացնելու համար: «Ճիշտ մեկ տարի անց թանգարանը կներկայանա մշտական ցուցադրությամբ: Այն բացառիկ է լինելու ցուցադրության նյութի ընդգրկմամբ, որակով, գիտականությամբ»,- ընդգծեց Դեմոյանը:

Թանգարանի 2015 թվականի մարտին բացվող նոր ցուցադրությունը երկուս և կես անգամ ավելի մեծ կլինի: «Շուրջ 200 անգամ ավել է լինելու ներառվող նյութը` բնօրինակները, ոչ թե թվայնացված նյութերը»,- լրագրողների ուշադրությունը այս փաստի վրա հրավիրեց բանախոսը` ավելացնելով, որ նոր ցուցադրությունում կիրառվելու են   ժամանակակից  դիզայներական լուծումներ, որոնք  ընդունելի են համաշխարհային դիզայներական  պրակտիկայում:

Դեմոյանը պատմեց, որ վերջին ութ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտը նվիրատվություններ է ստացել եղեռնի զոհերի, մազապուրծ փրկվածների ժառանգներից, անհատներից: Ցեղասպանագետ Իսրայել Չարլին իր ամբողջ գրականությունը` շուրջ  1000  հատորից ավելի հրատարակություններ, նվիրել է թանգարան-ինստիտուտին:

Դեմոյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը դառնալու է լավ հարթակ  երկարաժամկետ հետազոտություններ իրականացնելու համար, որոնք կունենան նաև  միջազգային գիտահետազոտական նշանակություն:

«Հետևողականորեն աշխատանք  է տարվում միջազգային համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ, պայմանագիր է կնքվել Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ»,- նշեց Դեմոյանը:

 Պայմանագիր է կնքվել նաև Ռուսասատանի «Հոլոքստ» հիմնադրամի հետ, որը  դաշնության 40 սուբյեկտներում ունի մասնաճյուղեր, և այս կառույցի հետ աշխատանք  է տարվելու գրականություն թարգմանելու ուղղությամբ: Նախատեսվում է պայմանագրերի ստորագրում Փարիզի «Հոլոքոստի» փաստագրության խոշորագոււյն կենտրոնի հետ:

Եռապատկվել է Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակի հայտերի քանակը: Այժմ թանգարանում իր գիտական թեզի վրա է աշխատում Թուրքիայից ժամանած  մի ասպիրանտ, ով զբաղվելու է ցեղասպանության հիշողության, մոռացության և Թուրքիայի կողմից ժխտողականության ուսումանսիրմամբ: «Սա ևս արդյունքներից մեկն է, որն ունի թանգարանը:  Ինտենսիվ աշխատել ենք նոր գրականություն, նոր աղբյուրներ ներկայացնելու ուղղություններով»,- փաստեց Դեմոյանը` կարևորելով, որ  նոր հրատարակությունների շարքում տեղ է գտել «Հենրի Մորգենթաուի պատմությունը»  աշխատությունը:

«Կարևորում ենք  նաև մեծարժեքգիտահետազոտական աշխատանքները,  Վահագն Տատրյանի կոթողային աշխատությունները հայերեն  լույս կտեսնեն  հաջորդ տարի»,- ասաց թանրագան-ինստիտուտի տնօրենը: Հրատարակությունների կողքին իր տեղն է գտել նաև կառույցի  առաջին պարբերական ցեղասպանագիտական հանդեսը, որը կունենա նաև անգլերեն տարբերակը: Նոր հրատարակություններից Հայկ Դեմոյանի «Թուրքիաի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղի հակամարտությունը» ռուսալեզու աշխատությունը, իր հավաստմամբ, բավականին հաջող շնորհանդես է ունեցել Մոսկվայում, այնտեղի գիտական շրջանակները շատ լավ են ընդունել գիրքը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թանագարանը  շուրջ 20 ժամանակավոր ցուցադրություններով կներկայանա աշխարհի տարբեր ծայրերում, սակայն այդ միջոցառումների ժամկետների և աշխարհագրության մասին դեռևս չի բարձրաձայնվում: Ամբողջական հավաքածուների գիտական ֆոնդերի նյութը թանգարան-ինստիտուտում կրկնապատկվել է` հասնելով  80 հազար բնօրինակ նյութերի:

Ամեն օր նամակագրության միջոցով թանգարանը ստանում է նորանոր ցուցանմուշներ: Այսօր փոստի միջոցով թանգարան է հասել  1917  Միացյալ նախագներում լույս տեսած  կրծքանշան, որը  վկայում է այն մասին,  որ 5916 մարդ  այդ տարիներին ներգրավված են եղել Հայաստանի և Սիրիայի նպաստամատուցի աշխատանքներում: Դեմոյանը կարևոր արդյունք համարեց նաև Երևանի պետական համալսարանի հետ ցեղասպանագիտության ամբիոնի բացումը, որտեղ մասնագիտացում են անցնում շուրջ յոթ ապագա ցեղասպանագետներ: «Մարտահրավերների թվում է մոտակա տարիներին սերնդափոխության խնդիրը, և այստեղ իզուր չէ, որ Հայաստանի Հանրապետության բուհերից մեկում համագործակցությամբ իրականացվում են այս աշխատանքները»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթացող շինարարական աշխատանքները կավարտվեն 2014 թվականի հոկտեմբերին, ինչից հետո  կմեկնարկեն կառույցի ներքին  հարդարման աշխատանքները:

Դեմոյանը նշեց նաև, որ մայիսի 27-ին տեղի կունենա  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվեն առաջիկա անելիքները: Պատասխանելով րագրողների հարցին` նա ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքների հասցեին ուղղված քննադատական հայտարարությունները հիմնականում թերարժեքության բարդույթ ունեցող մարդկանց գործն է:

Նա հայտնեց, որ առաջիկայում թանգարան-ինստիտուտն առավել լայն գործունեություն է իրակայանցելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշակերտների, ուսանողների շրջանում իրազեկվածության բարձրացման, կրթադաստիարակչական աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:  

Ասուլիսին հաջորդեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր վեց հրատարակությունների, բացիկների և նամականիշների շնորհանդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]