Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրության հաջորդ կանգառը Վանաձորն է

«Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրության հաջորդ կանգառը Վանաձորն է

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում  ապրիլի 17-ին հանրության դատին կներկայացվի Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ցուցադրման նախաձեռնող «Մեդիա կենտրոն»-ից` ֆիլմին կհաջորդի քննարկում  համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունու հետ:

Քեսաբում մարտի 21-ին կազմակերպված տեղահանությունը պատճառ է եղել որպեսզի ֆիլմի բացառիկ ցուցադրություն կայանա նախ` Երևանում, ապա` Գյումրիում: 

Ֆիլմը ներկայացնում է Սիրիայի և Թուրքիայի սահմանի, Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի՝ Քեսաբի իրական պատմությունը: Ֆիլմում ներկայացված է քեսաբցու կյանքը, ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբի հայկական մշակույթը՝ թուրքական պետության եռակողմանի հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ: Ֆիլմի հերոսները հենց տեղաբնակներն են` Քեսաբի բնակիչները. նրանք, ներկայացնելով իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ. տեղահանությանն ու թալանին, 1915թ. Հայոց եղեռնին և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:

«Քեսաբ» վավերագրական ֆիլմ-նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, Նանե Բագրատունին, Լիպարիտ Ասատրյանը:

2009-2010 թվականներին կատարված նկարահանումների արդյունքում ռեժիսոր Նանե Բագրատունուն հաջողվել է ներկայացնել քեսաբահայերի ուտեստները, խոհարարական, հարսանեկան, այլ ավանդույթները` դրանք համալրելով նաև պատմական ակնարկով: Ի տարբերություն Քեսաբի մասին այլ սիրողական նյութերի` ռեժիսորի այս աշխատանքը ամբողջական նախագիծ է, որը ներկայացնում է Սիրիայի տարածքում գտնվող փոքրիկ գյուղաքաղաքը նախքան այնտեղ մարտի վերջին սկսված ռազմական գործողությունները:

Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը, արաբ գիտնական Նիզար Խալիլին, պատմում են Քեսաբի պատմությունը` փաստերով, իսկ բնակիչները` փոքրիկ դպրոցահասակներից մինչ տարեցներ, ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, մասնավոր դիպվածներ:

Ֆիլմում 102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան (Գալիլիա Մանճիկյանը), ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին:

Ապրիլի 11-ին «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը տեղի է ունեցել նաև Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am