Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հավատարմագրված դեսպանները միացել են սիրիահայերի աջակցության բարեգործական ցուցահանդես-վաճառքին

Հայաստանում հավատարմագրված դեսպանները միացել են սիրիահայերի 
աջակցության 
բարեգործական ցուցահանդես-վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախասրահն այսօր լեփ-լեցուն է մարդկանցով, ովքեր իրենց մասնակցությունն են բերել «Բարի գալուստ Հայաստան» Դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդես-վաճառքին իրենց տաղավարներով մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ` իրենց երկրի ապրանքներով, Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններ, սիրիահայ գործարարներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգմավորներ, Հայաստանում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններ, դեսպանատների աշխատակիցներ և այցելուներ: Ներկաները շրջում էին տաղավարների կողքով կատարում գնումներ, որի հասույթը նվիրաբերվելու է Երևանի Ներքին Չարբախի թիվ 130 և Նոր Արեշի թիվ 71 մանկապարտեզների վերանորոգմանը, մի մասն էլ` կարիքավոր սիրիահայերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զրուցելով լրագրողների հետ, շնորհակալություն հայտնեց Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին միջոցառմանը իրենց մասնակցությունը բերելու համար: Նա նշեց, որ հավանում է բոլոր տաղավարները ու պատրաստվում գնումներ կատարել:

Սիրիահայ գործարար Սոսի Դեմիրճյանը «Sweet Armenia» քաղցրավենիքների տեսականիով էր մասնակցում ցուցահանդես-վաճառքին: Վերջերս տիկին Սոսին արժանացել է լավագույն սիրիահայ սկսնակ գործարար մրցանակին, որն իր համար մեծ քաջալերություն է` իր բիզնեսն ավելի ընդլայնելու համար: «Այս միջոցառմանը մասնակցում եմ հատուկ Զատիկի համար զարդարված կոնֆետների տեսականիով, քանի որ առջևում Զատիկն է: Գիտեմ, որ մեր հասույթի մի մասը պետք է հատկացնենք կարիքավոր սիրիահայերին ու երկու մանկապարտեզի վերանորոգմանը, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասաց տիկին Սոսին:

Այցելուներն ունեն ամենամեծ ընտրությունը` սննդամթերից, քաղցրավենիքից սկսած մինչև տնային պարագաներ, զարդեր ու նորարար աքսեսուարներ:

«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատարյա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին աջակցության համար։ Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցում են 30 կազմակերպություններ և 20 դիվանագիտական ներկայացուցչություններ։ Ցուցահանդես-վաճառքի ընթացքում` ժամը 18:00-ին, քվեարկության հիման վրա տեղի կունենա մրցանակաբաշխություն: Մրցանակներ կտրվեն «տաղավարի լավագույն ձևավորում», «ամենակատիվ դեսպանի տիկին», «լավագույն համակրանք վայելող մասնակից», «ակտիվ գնորդ», «ամենահամեղ ուտեստ» անվանակարգերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]