Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/7. «Քարե երազները» կրկին հայտնվել է վարկանիշային աղյուսակում

Երևանյան բեսթսելեր 2/7. «Քարե երազները» կրկին հայտնվել է վարկանիշային 
աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Երկրորդ հորիզոնականում կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակն է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունն այս անգամ երրորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի հարազատները և ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի ազդօրինակը:

Վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպն է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները: 

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը վարկանիշային աղյուսակի հաջորդ գիրքն է: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը կրկին ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը սպասվածից առավել հետաքրքրությամբ ընթերցվեց և գնահատվեց: Վեպն ապացուցեց, որ հայ հասարակությունը նման անդրադարձի էր սպասում հատկապես, երբ պատմության այդ էջերին անդրադարձը կատարել է ադրբեջանցին: «Քարե երազները» պատմում է 1989թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են իր հերոսները քննադատում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մտածում ոտքով գնալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման:

Անգլիացի բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» գիրքը ևս բեսթսելերների ցանկում է: Բրոնտեի երկերից առավելապես հայտնի է հենց այս ստեղծագործությունը, թեև նա ունի այնպիսի առաջնակարգ բանաստեղծություններ, որոնց շնորհիվ դասվում է Բլեյքի, Շելլիի և Բայրոնի նման գրողների շարքը:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է բրազիլացի ժամանակակից գրող  Պաուլո Կոելյոյի «Տասնմեկ րոպե»-ն: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում է հեքիաթի պես և հեքիաթի պես էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող է պարգևել միայն իսկական սերը: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Գրիգոր Նարեկացի 
«Մատյան ողբերգության»

 Նաիրի 13
2 *

Գաբրիել Գարսիա Մարկես 
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» 

ՎԱ-ՀԱ 12
3 *

Ֆրանց Կաֆկա
«Դատավարություն»

Ապոլոն 11
4 -1

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ 
«Մեծն Գեթսբին» 

Զանգակ 9
5 -3 Լևոն Խեչոյան 
«Մհերի դռան գիրքը»
Անտարես 9
6 *

Բերնհարդ Շլինկ 
«Ընթերցողը» 

Զանգակ 6
7 *

Օսկար Ուայլդ 
«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6
8 *

Աքրամ Այլիսլի 
«Քարե երազներ» 

Գրաբեր 6
9 *

Էմիլի Բրոնտե 
«Մոլեգին հողմերի դարավանդը»

Նաիրի 5
10 *

Պաուլո Կոելյո 
«Տասնմեկ րոպե»

Գիտանք 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]