Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Մարաղայի կոտորածն ու հայատյացության այլ դրսևորումները. ԼՂՀ ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Մարաղայի կոտորածն ու 
հայատյացության այլ դրսևորումները. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները 22 տարի առաջ ապրիլի 10-ին հարձակվել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա` խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելով դաժան հաշվեհարդար: Մարաղայում կատարած հանցագործության համար առայսօր ադրբեջանական իշխանությունը միջազգային հանրության կողմից չի ստացել արժանի գնահատական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս կապակցությամբ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածն է։ 1992թ. ապրիլի 10-ին տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ։ Գյուղի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությանը:

Ըստ տարբեր տվյալների, այդ թվում Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների, Մարաղայում սպանվել է 53- 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց, գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:Մարաղայում իրականացված  հրեշավոր հանցագործությունը  հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում: 

Ցավով նշում ենք, որ Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը և  ոճրագործների անպատժելիությունը հիմք դարձան այսօրվա Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության պաշտամունքի, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար:

Հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու համար Մարաղայի կոտորածը, ինչպես նաև հայատյացության այլ դրսևորումները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները ստանան արժանի պատիժ»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]