Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուս փորձագետը Քեսաբի դեպքերն ամբողջ մարդկության խնդիրն է համարում

Ռուս փորձագետը Քեսաբի դեպքերն ամբողջ մարդկության խնդիրն է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում տիրող իրավիճակը ոչ միայն հայության, այլև ամբողջ մարդկության հարցն է: Ապրիլի 8-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: «Եթե այսպես շարունակվի, կարող են լուրջ բախումներ սկսվել քրիստոնյաների և մահմեդականների միջև, ինչը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու առիթ հանդիսանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Նրա խոսքով, արդեն մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն իրադարձությունները շարունակվում են կրկնվել: Ջաբարովն ընդգծեց, որ նման դեպքերն այլևս չպետք է կրկնվեն: «Ես կարծում եմ, որ հանուն իրենց նպատակների ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ որոշ երկրներ փակում են աչքերը Քեսաբի դեպքերի վրա, սակայն հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ողբերգություններն այլևս չկրկնվեն»,- ասաց նա:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ լուրերը հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: Նրանց ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]