1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քեսաբ. առասպելներ և իրականություն. վերլուծություն

Քեսաբ. առասպելներ և իրականություն. վերլուծություն

Ավելի քան երկու շաբաթ աշխարհի հայության և մի շարք խոշոր լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած է թուրք-սիրիական  սահմանին մերձակա Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքում զարգացող իրադարձություններին, մասնավորապես՝ ծայրահեղական, ահաբեկչական ուժերի կողմից բնակավայրի գրոհին ու քեսաբցիների հարկադիր տարհանմանը: Տեղեկատվական ազդակները հաճախ հակասական են՝ սկսած ցեղասպանական գործողությունների մասին հիշեցումներից, վերջացրած առանց կորուստների բնակավայրի ազատագրման  մասին ստացվող լուրերով: Բացի արտասահմանյան, հատկապես ռուսական լրատվադաշտի ընդգծված հետաքրքրությունից, ներքին փորձագիտական հանրությունը ևս ոչ միայն չի դադարեցնում Քեսաբի ազատագրման հնարավոր տարբերակների քննարկումը, այլև երկփեղկվել է՝ ահաբեկիչների իրականացրած վայրենությունները համարե՞լ ցեղասպանական ակտ, թե՞ ոչ, կազմավորե՞լ զինված խմբեր ու ուղարկե՞լ Քեսաբ, թե՞ ոչ և այլն…

Ո՞վ էր Քեսաբի վրա հարձակման թիրախը

Այս հարցի շուրջ տարակարծությունները հայրենական մամուլում ու փորձագիտական հանրության շրջանում ընդգծվեցին ի սկզբանե: Ավելին, եթե մարտի 21-ին սկսված գրոհից ժամեր անց արդեն առաջին հոռետեսական կարծիքներն էին հրապարակվում, թե «Քեսաբն ընկել է», հաջորդ օրերին փորձագետները, համատեղելով տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ հենց քեսաբցիներից ստացված տեղեկատվությունը, փաստում էին, թե իրավիճակը գունազարդել պետք չէ, տեղի հայությունը բարեհաջող տարհանված է և ժամանակավորապես գտնվում է Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու բակում՝ սպասելով բնակավայրի ազատագրմանը, իսկ գրոհի ընթացքում համայնքը զոհ չի տվել:

Այնուամենայնիվ, թուրքագիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանը կամ Անուշ Հովհաննիսյանը, Քեսաբի վրա հարձակման հիմնական թիրախ համարեցին տեղի հայությանը, իսկ հայաթափումը համեմատեցին Հայոց ցեղասպանության հետ: «Քեսաբում տեղի ունեցողը ՄԱԿ-ում ամրագրված դրույթներով ցեղասպանություն է, քանի որ խաղաղ բնակիչներին ենթարկել են տեղահանության, իսկ նրանց ունեցվածքը գրոհայինները թալանում են, և այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության լուռ համաձայնության պայմաններում»,- հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Քաղաքագիտական շրջանակներն, ընդհակառակը, հիմնականում զերծ մնացին Քեսաբի հայաթափումը որպես ցեղասպանություն գնահատելուց՝ բնականաբար, դատապարտելով իսլամիստ ծայրահեղականների գործողությունները: Ավելին, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն, օրինակ, բացառեց անգամ Թուրքիայի դիտավորությունը բնակավայրի հայաթափման հարցում՝ պնդելով, թե գրոհն ուղղված էր առաջին հերթին Քեսաբի քրդերի դեմ: «Երկու տարի առաջ Բաշար Ասադը Սիրիայում քրդերին ինքնավարություն տվեց: Այժմ Սիրիայում արդեն ձևավորվել է «Արևմտյան Քրդստան» հասկացությունը, իսկ Սիրիայի քրդերին միացել են նաև Թուրքիայի քրդերը»,- նշեց քաղաքագետը:

Բնականաբար, պետական արձագանքը ևս չուշացավ: Հանրապետության նախագահն ու ԱԺ նախագահը, վարչապետը, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարները միջազգային և ներպետական տարբեր ամբիոններից միջազգային հանրությանը կոչ արեցին դատապարտել հայերի տեղահանությունը Քեսաբից և համապատասխան դիրքորոշում որդեգրել:

Քեսաբի տեղեկատվական ճակատը

Ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբի գրոհի մասին առաջին լուրերը տարածվեցին մարտի 21-ին: Համացանցն անմիջապես ողողվեց մի շարք տեսանյութերով, որոնցում «քաղաքի նոր տերերը» հպարտորեն նշում էին, թե քաղաքն այլևս իրենցն է: Օրինակ, ամենատարածված տեսանյութերից մեկում ազգությամբ չեչեն ոմն ամիր Զումսո հեգնորեն նշում է, թե այժմ «մահմեդականները կարող են ծովափին հանգստանալ, արևայրուք ընդունել, մեկնել արտասահման», ապա սպառնում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին վերադառնալ ու խլել նրանից «իրենց նախնիների երկիրը»:

Մի քանի օրում քեսաբյան դեպքերը դարձան նաև համաշխարհային մամուլի քննարկման նյութ:  Այսպես, օրինակ, հեղինակավոր «Թայմ» պարբերականը մարտի 27-ին գրեց, թե Քեսաբը դարձել է Ասադի և ընդդիմադիրների տեղեկատվական պատերազմի նոր ճակատը: Վերջիններս, ըստ «Թայմի», փորձում են ցրել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրենց «վերագրվող» անհանդուրժողականության մասին պատկերացումները: Փաստորեն, արմատականներն իրենք են փորձում հերքել քրիստոնյաների նկատմամբ սեփական դաժանությունը՝ համացանցում տեղադրելով Քեսաբի գրոհից հետո քաղաքի հայկական  եկեղեցու անվնաս տեսքը պատկերող տեսագրությունը:

Քեսաբից և Լաթաքիայից ստացվող տեղեկատվության անմիարժեքության մասին առաջիններից մեկը վկայեց «The Syrian Observatory for Human Rights» հակակառավարական մոնիթորինգային կազմակերպությունը, ըստ որի՝ չնայած ԶԼՄ-ներում թմբկահարվող «հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններին», չկա զոհերի, վիրավորների կամ համատարած ավերածությունների մասին փաստական տվյալ կամ ապացույց, տեսագրություն կամ լուսանկար: Ըստ այս աղբյուրի՝ գրոհի պահին քաղաքը դատարկ էր, բոլոր բնակիչները՝ տարհանված: Մեծ աղմուկ հանած տեսանյութը, որում իբր պատկերված է քեսաբցի հայերի գնդակահարությունը մարտի 21-ին՝ քաղաքը գրավելու օրը, պարզվեց, իրականում նկարահանված է Հալեպում, սպանվողները սիրիական բանակի զինվորներ են, իսկ սպանդը տեղի է ունեցել Քեսապի գրավումից մոտ մեկ շաբաթ առաջ:

Թուրքիայի պատասխանատվության հարցը

Համացանցային տեսագրություններն ապացուցում են, որ Քեսաբի շրջանում թուրք-սիրիական սահմանը մարտի 21-ին բաց է եղել, ինչից էլ օգտվել են «Ջաբաթ-ալ-Նուսրա» և այլ ծայրահեղական խմբավորումների անդամները: Ըստ տեղաբնակների՝ ահաբեկիչների ներխուժմանը նախորդել է հրետանային գնդակոծությունը, ապա խոշոր տրամաչափի գնդացիրներով տանկերն ու զրահամեքենաները հատել են սահմանը. քեսաբցիների վկայություններն է մեջբերում «Ալ Մոնիտոր» թերթը:

Արաբական մեկ այլ՝ «Ալ Ալամ» թերթը նշում է, թե «Քեսաբին մերձակա ռազմաբազան գնդակոծել է թուրքական բանակը, և ապա «Ջաբաթ-ալ-Նուսրան» իր դրոշներն է բարձրացրել թուրքական տանկերի վրա»: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդում նախագահողին հղած իր նամակներում փաստաթղթերով ապացուցել է թուրքական կառավարության և բանակի անմիջական մասնակցությունը Քեսաբի գրավման գործողությանը: Թուրքական կողմն, իհարկե, հերքում է բոլոր մեղադրանքները: «Բոլոր այն պնդումները, թե Թուրքիան աջակցել է ընդդիմությանը Քեսաբի մարտերում կամ տարածք է տրամադրել հարձակման համար, անհիմն են»,- նշել է Դավութօղլուն:

Սիրիական իշխանություններն ու դիվանագետները ևս ահաբեկչության հիմնական մեղավոր են համարում Թուրքիային: Այսպես, ՌԴ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիադ Խադադը գտնում է. «Մեզ համար ամենամեծ վտանգը Թուրքիան է: Երբ սիրիական բանակը զինյալների հայտնաբերելման գործողություն է իրականացնում, նրանք թափանցում են Թուրքիայի տարածք, ապա թուրքական զինուժը կրակով է պատասխանում՝ իբր պաշտպանելով սեփական սահմանները»:

Դավիթ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]