Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/5. Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները մեծ պահանջարկ են վայելում

Երևանյան բեսթսելեր 2/5. Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները մեծ պահանջարկ են 
վայելում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ» ստեղծագործությունը: Վեռնի բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ մի շարք վերահրատարակություններով։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի հարազատները և ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի ազդօրինակը:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Ժյուլ Վեռնի մեկ այլ ստեղծագործություն` «Նավապետ Գրանտի որդիները» զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Գիրքը հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն լույս է ընծայել«Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ:Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Այն Վեռնի յուրահատուկ ստեղծագործություններից մեկն է, որ մշտապես հետաքրքրել է ընթերցողին:

Սրան հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Բեսթսելերի իններորդ հորիզոնականում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը» ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:

«Երևանյան բեսթսելեր»-ի տասնյակն եզրափակում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

 

Տեղ Փոփ Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ժյուլ Վեռն 
«20 հազար լյո ջրի տակ»

1Պրինտ 20
2 +9

Լևոն Խեչոյան
«Մհերի դռան գիրքը» 

Անտարես 17
3 *

Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»

Զանգակ 13
4 -2

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ 
«Մեծն Գեթսբին»

Զանգակ 11
5 նոր

Ժյուլ Վեռն 
«Նավապետ Գրանտի որդիները»

1Պրինտ 10
6 *

Անտուան դը Սենտ Էքզյուպերի 
«Փոքրիկ իշխանը»

Անտարես 10
7 նոր

Ժյուլ Վեռն 
«Տասնհինգամյա նավապետը»

1Պրինտ
10
8 -6

Գաբրիել Գարսիա Մարկես 
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 9
9 -4

Հերման Հեսսե 
«Ներսը և դուրսը» 

Ապոլոն 8
10 -1

Օսկար Ուայլդ 
«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]