Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/4. Շահնուրի ստեղծագործությունն արդիական է նաև այսօր

Երևանյան բեսթսելեր 2/4. Շահնուրի ստեղծագործությունն արդիական է նաև այսօր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը: Շահնուր Քերեսթեճյանի ստեղծագործությունն առաջին անգամ լույս է ընծայվել 1929 թվականին: Գործն ահազանգում է սփյուռքահայերի ուծացման և այլասերման վտանգի մասին:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Սրան հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան Գրիգոր Զոհրապի «Նորավեպերը» ևս ընդգրկվել է բեսթսելերների ցանկում: Ժողովածուն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

«Երևանյան բեսթսելեր»-ի հինգերորդ հորիզոնականում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:

Գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։

Պոլսահայ գրող, հրապարակախոս Նիկողոս Սարաֆյանի «Հսկում» գիրքն առաջին անգամ է ընդգրկվում բեսթսելերի ցանկում: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նախորդ տարի: Այն  հրատարակվել է գրողի ծննդյան 110-ամյակի առիթով:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Նախավերջին հորիզոնականում է հայտնվել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

«Երևանյան բեսթսելեր»-ի տասնյակն եզրափակում է Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի հարազատները և ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի ազդօրինակը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Շահան Շահնուր

«Նահանջը առանց երգի»

Գրաբեր 30
2 +2

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 15
3 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 14
4 նոր

Գրիգոր Զոհրապ

«Նորավեպեր»

Գրաբեր 10
5 +1

Հերման Հեսսե

«Ներսը և դուրսը»

Ապոլոն 10
6 *

Ֆրանց Կաֆկա

«Դատավարություն»

Ապոլոն 8
7 նոր

Նիկողոս Սարաֆյանի

«Հսկում»

Գրաբեր 8
8 -3

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 7
9 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 7
10 -9

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]