ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների դրական հանգուցալուծումն ու պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտան շարունակել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: «Միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցները չափազանց դաժան էին ու անօրինական, մեր բարեկամ երկրի` Հայաստանի հետ մեր որոշ համաձայնությունների ուշացումը կամ հետաձգումը պայմանավորված է եղել ֆինասական և բանկային խնդիրներով: Չնայած այդ պատժամիջոցներին` Հայաստանի հետ մեր տնտեսական համագործակցությունը շարունակվում է: Իրանի կառավարության աջակցությամբ Ագարակ քաղաքում և շրջակա գյուղերում իրականացվում է գազիֆիկացման ծրագիր: Երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի հետ կապված բանկային խոչընդոտները նույնպես վերացված են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց դեսպանը` հավաստիացնելով, որ Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի աշխատանքները կվերսկսվեն ֆինանսաբանկային հարցերը լուծելուց անմիջապես հետո:
Պատասխանելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքների ժամկետների հստակեցման հարցին` Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը Հայաստանի իշխանություններին հայտնել է, որ պատրաստ է կառուցել Ջուլֆա-Մեղրի սահմանային կետի իրենց հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը ֆինանսական միջոցներ կհայթայթի իր մասի համար: «Եթե կգտնվեն ներդրողներ և հնարավոր լինի կառուցել երկաթգիծը Հայաստանի տարածքում, որն էլ այնուհետև կմիանա Վրաստանին ու Ռուսաստանին, մենք պատրաստ ենք մեր պետական բյուջեի միջոցներով այդ հատվածը կառուցել: Մենք պատրաստ ենք աջակցել նաև մեր փորձի փոխանակմամբ, քանի որ Իրանն ունի ինժեներատեխնիկական լայն հնարավորություններ և մեծ փորձ երկաթգծերի կառուցման ոլորտում»,-ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը: Իրանի դեսպանի խոսքով` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների դրական հանգուցալուծումն ու պատժամիջոցների թուլացումը հնարավորություն կտա նաև Մերձավոր Արևելքում նվազեցնել լարվածությունը: «Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը մեզ համար շատ կարևոր է` չնայած ցավոք սրտի որոշ կողմեր մեծ ջանքեր են գործադրում, որ խաղաղություն չհաստատվի, և իրանաֆոբիա առաջանա»,-նշեց Ռեյիսին:
Նոյեմբերի 20-ին Իրանի և Մեծ վեցյակի երկրների միջև վերսկսվել էին բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ, որը ավարտվեց ժամանակավոր դրական հանգուցալուծմամբ` պատժամիջոցների կրճատման դիմաց Իրանի միջուկային ծրագրի կրճատում: