Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«ՌեԱնիմանիան» սերտացրել է հայ-ֆրանսիական համագործակցությունն անիմացիոն ֆիլմարտադրության ոլորտում

«ՌեԱնիմանիան»  սերտացրել է հայ-ֆրանսիական համագործակցությունն անիմացիոն 
ֆիլմարտադրության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անիմացիոն ֆիլմերի ստեղծման ասպարեզում աշխատող Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետները փորձի փոխանակման լայն հնարավորություն են ունեցել Երևանում անցկացվող «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի շրջանակում: Հոկտեմբերի 30-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ «ՌեԱնիմանիայի» անցկացումն առավել արդյունավետ է դառնում նաև ֆրանսիացի մասնագետների ներգրավվածության շնորհիվ: «Շատ օգտակար է, երբ  փառատոնի ընթացքում ֆրանսիական անիմացիայի ամենակարկառուն ներկայացուցիչները իրենց ասելիքն են փոխանցում Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ռենոն: Նրա խոսքով` անիմացիան այն ոլորտն է, որտեղ Ֆրանսիան առաջատար դիրք է գրավում, և ֆրանսիական արտադրանքի շուրջ 5 տոկոսն արտահանվում է դեպի եվրոպական երկրներ:

Դիվանագետի գնահատմամբ` անիմացոն ֆիլմը կինոարտադրության այն տեսակն է, որն  առաջին հերթին ուղղված է երիտասարդ հանդիսատեսին: Նա շնորհավորեց փառատոնի առթիվ և հույս հայտնեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը առաջիկայում զարգացում կապրի նաև անիմացիայի ոլորտում:

 «Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի (Festival d’Annecy) տնօրեն Տիցիանա Լոշին, ով ֆրանսիական պատվիրակության հետ  ժամանել է Հայաստան, դրական և հեռանկարային է համարում Հայաստանում «ՌեԱնիմանիա» փառատոնի անցկացումը:

«Ցանկանում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել «ՌեԱնիմանիայի»  տնօրեն Վրեժ Քասունուն` իր անմիջական կազմակերպչական մոտեցման համար: Մեզ համար մեծ հետաքրքրություն  են  ներկյացրել փառատոնի շրջանակում տեղի ունեցած կարծքիների փոխանակումները, երիտասարդ արվեստագետների  հետ հանդիպումները»,- նշեց Լոշին:

Նա շեշտեց, որ նման փառատոնները նպաստում են  անիմացիայի ոլորտում նոր անունների ի հայտ գալուն: «Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի տնօրենը տեղեկացրեց, որ Ֆրանսիան անիմացիոն ոլորտում իր տեղը զիջում է միայն ԱՄՆ-ին և Ճապոնիային: «ՌեԱնիմանիա»  փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին էլ նշեց, որ յուրաքանչյուր տարի փոխվում  և նորացվում է մոտեցումը փառատոնի անցկացման հարցին:

«Փառատոնի նկատմամբ  հետաքրքրությունն աճել է: Դրա ապացույցը հենց բացման արարողությունն էր, որի ժամանակ դահլիճը երկու անգամ նախատեսվածից  ավելի լեցուն էր»,- ասաց Քասունին` ընդգծելով, որ «ՌեԱնիմանիան»  միտված է կոտրելու այն թյուր կարծրատիպը, որ անիմացիոն ֆիլմերը միայն մանկական լսարանի համար են նախատեսված: Փառատոնի տնօրենը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որն առաջին իսկ օրվանից աջակցել է և իր գործուն մասնակցությունն է ունեցել փառատոնի անցկացման գործում:

Քասունին նաև շեշտեց, որ փառատոնի կազմկոմիտեի համար ֆրանսիացիների հետ  հետագա համագործակցության հիմք է հանդիսանալու նաև այն փաստը, որ  Տիցիանա Լոշին հայկական արմարտներ ունի:

«Մենք իմացանք, որ տիկին Լոշիի մայրը հայ է, և սա հիմք է հանդիսանում կարծելու, որ գուցե ինքն էլ ցանկանա ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին»,- ավելացրեց նա:

Մարկ Բորեալի և Տիբու Շատելի «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմի պրեմիերայով հոկտեմբերի 26-ին մեկնարկել է  «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նվիրված է հայկական անիմացիայի 75-ամյակին: Փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտել 212 ֆիլմ 70 երկրից:

«ՌեԱնիմանիան» առաջին անգամ նոյեմբերի 1-3-ը իր աշխատանքը կշարունակի նաև Արցախում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]