1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ականատեսը». Ցեղասպանությունը վերապրած 100-ամյա Արեւալույս Ամալյանի սրտում չի մարել մոր առեւանգման վիշտը

«Ականատեսը». Ցեղասպանությունը վերապրած 100-ամյա Արեւալույս 
Ամալյանի սրտում չի մարել մոր առեւանգման վիշտը

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ներկայացնում է վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 100-ամյա արաբկիրցի Արեւալույս Ամալյանի մասին է, ում հուշերում ցեղասպանության տարիներն անմիջականորեն առնչվում են մոր անդառնալի կորստի հետ:

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 100-ամյա Արեւալույս Ամալյանը 1915 թվականը, իր ծննդավայր Արաբկիրը չի սիրում վերհիշել: Հայոց ցեղասպանությանը, թուրքերին վերաբերող հարցադրումներին չպատասխանելու համար ականատեսը իր պատճառներն ունի: «1915 թվականին սպանել են Արեւալույսի հորը, իսկ մորը` թուրքերը տարել են իրեց հետ այն պայմանով, որ այդ կերպ իրենց ընտանիքին ողջ կթողնեն: Ինքը, եղբայրները, պապիկը, հորաքույրները եւ քեռիները ողջ են մնացել, իսկ նրա մայրը, ով շատ գեղեցիկ կին էր, ստիպված է լինում ամուսնանալ թուրքի հետ»,- ընտանիքի պատմությունը մեզ է ներկայացնում Արեւալույսի կրտսեր հարսը` Վարդուհի Գրիգորյանը:

Պատմական տեղեկանք

Արաբկիրը հիշատակվում է նաեւ Արաբկեր ձեւով։ Քաղաքը տիրել են նաև արաբները, ոմանք նրա անունը կապում են թուրքերեն «արաբ» և «գեր» («գիր») բառերի հետ, որ նշանակում է արաբ մտած, կամ արաբ մտիր։ Հայկական ժողովրդական ստուգաբանությամբ Արաբկիր նշանակում է` առ ափին գետի:  1915 թվականի եղեռնից առաջ քաղաքի բնակչության թիվը հասնում էր մոտ 20 հազար մարդու, որից 10 հազարը հայեր էին։ Արևմտյան Հայաստանի հարյուրավոր մյուս բնակավայրերի հայության հետ միասին Արաբկիրի հայերը ևս երկու անգամ 1895-96 եւ 1915 թթ. թուրքական ջարդարարների կողմից ենթարկվել են տեղահանման ու բնաջնջման, իսկ քաղաքի շատ թաղեր հիմնովին ավերվել են։ Տարագրված արաբկիրցիներից 800 հոգի 1922-ին նորից են վերադարձել են և բնակություն հաստատել իրենց հարազատ քաղաքում, բայց, չդիմանալով քեմալականների բռնություններին, հեռացել են իրենց տունուտեղից եւ գաղթել Խորհրդային Հայաստան։ ՀՍՍՀ ներգաղթած արաբկիրցիները 1925 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը, հանդիսավոր պայմաններում Երևանի մոտ հիմնադրել են Նոր Արաբկիր ավանը, որը 1929 թ. ուներ 1000 բնակիչ, իսկ 30 տարի հետո՝ 60000։ Նոր Արաբկիրը տասնամյակներ առաջ ձուլվել է մայրաքաղաք Երեւանի հետ՝ կազմելով նրա  մի թաղամասը։ 

Մոր առեւանգումը հնարավորություն է տվել ընտանիքի անդամներին մինչեւ 1926 թվականը մնալ Արաբկիրում, այնուհետեւ անցելեն Բաթում եւ գնացքով հասել, Երեւան, հողատարածք ստացել` տուն կառուցել եւ մշտական բնակություն հաստատել: Ընդամենը մի քանի տարի անց Արեւալույսն ամուսնացել է նույնպես արաբկիրցի, մասնագիտությամբ դարբին Սարգսի հետ, ով ցեղասպանության տարիներին 6 տարեկան էր: «Հայրս, ով նույնպես երկարակյաց է, ապրել է մինչ 99 տարեկան: Նա հաճախ էր պատմում թուրքերի դաժանությունների մասին: Նա հիշում էր, թե ինչպես էին նրանք միաժամանակ 300 հայի կանգնեցնում Եփրատ գետի ափին եւ անգամ փամփուշտ էին ափսոսում ծախսել հայերի  վրա, փոխարենը «գյավուրներին» նախընտրում էին սպանել փայտի հարվածների օգնությամբ` գցելով  ջուրը»,- պատմում է Արեւալույսի ավագ որդին` Լեւիկ Ամալյանը:

Արեւալույսը թուրքի հետ ամուսնացած մորն այլեւս երբեք չցանկացավ տեսնել

Տարիներ անց Արեւալույսի մայրը` Վերգինեն, ով 25 տարեկան էր, երբ առեւանգվել էր թուրքերի կողմից, կարողացել է 1980-ականներին գտնել իր` այդ ժամանակ Սիրայում բնակվող տղաներին, սակայն դուստրը` Արեւալույսը կտրականապես մերժել է մորը տեսնելու հնարավորությունը:

Պատմական տեղեկանք

«Հայոց ցեղասպանության թեման արդի թուրքական գրականության մեջ» գրքում  հեղինակ Ռուբեն Մելքոնյանը «Բռնի իսլամացած հայ կնոջ կերպարը ժամանակակից թուրքական գրականության մեջ» գլխում գրում է, որ հայերը, լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը, պարբերաբար ենթարկվել են բռնի իսլամացման, որը տարբեր ժամանակներում տարբեր ծավալներ է ունեցել: Հայտնի է, որ հազարավոր հայերի բռնի իսլամացում տեղի է ունեցել նաեւ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին: Ցեղասպանության ժամանակ առեւանգնման եւ իսլամացման թիվ մեկ թիրախը եղել են կանայք  եւ աղջիկները: Առեւանգելով նրանց, մուսուլմանները` նախ ազատում էին ամուսնությունների ժամանակ վճարվող «գլխագնի» ծանր ֆինանսական բեռից, ե բացի այդ համալրում իրենց հարեմները: Իսլամացած հայ կանանց մասին բավական մեծ թվով փաստեր են ի հայտ գալիս ավելի ուշ, երբ Առաջին համաշխարհային պարտերազմում պարտված Օսմանյան կայսրությանը պարտադրվում է քայլեր անել մուսուլմանների տներում պահվող հայ կանանց վերադարձնելու ուղղությամբ: 1918 թվականի դեկտեմբերի 22-ին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Մուստաֆա Արիֆը մեծ «վեզիրի» աշխատակազմ եւ այնտեղից էլ համապատասխան գերատեսչություններ է ուղակում շրջաբերական, որը վերաբերում է հայերին: Այս շրջաբերականի 9-րդ կետում նշված էր` «Կրոնը փոխած եւ մուսուլմանների հետ ամուսնացած հայ կանայք կարող են իրենց նախկին կրոնին վերադառնալ եւ այդ պարագայում նշանադրումը համարվում է անվավեր»:  Հենց միայն այս փաստաթուղթը լավագույնս պատկերում է ցեղասպանության տարիներին տեղի ունեցած կրոնափոխության բռնի կերպը եւ հիմնահատակ հերքում թուրքական ժխտողականության մեջտեղ նետված թեզը «Հայերի կամովին իսլամ ընդունելու վերաբերյալ»: Օսմանյան արխիվում պավում են նմանատիպ այլ փաստաթղթեր, որոնք  վերաբերում են կառավարության կողմից բռնի կրոնափոխ հայերին իրենց նախկին կրոնին վերադարձը արտոնելուն: Հայ կանանց վերադարձի մասին կան բազմաթիվ փաստաթղթեր, դիվանագիտական զեկուցագրեր, որոնք փաստում են, որ այդ գործընթացը բախվել է բազմաթիվ խոչընդոտների եւ ընթացել բավական բարդ կերպով:

 «Վերգինեն ասել է, որ չի ցանկանում թուրք մնալ մինչեւ կյանքի վերջ, այլ ցանկանում է հայ մահանալ: Տղաների եւ իր հանդիպումը տեղի է ունենում Հալեպում, մինչդեռ Արեւալույսը չի ցանկացել մորը տեսնել, քանի որ անգամ իրենց փրկության դիմաց թուրքի հետ ամուսնությունը նրան չէր ներել, ասում էր` «թող չգնար»»,- պարզաբանում է Վարդուհին:

Նրա խոսքով` Վերգինեի եւ իր որդիների ճակատագրական հանդիպման մասին այն տարիներին անդրադարձել է նաեւ մամուլը: Մինչ 117 տարեկան ապրած կնոջը, ով չնայած նրան, որ բռնի ամուսնացել է թուրքի հետ եւ ունեցել չորս երեխա, հաջողվել է փոքրիշատե պահպանել իր հայ ինքնութունը: «Ասում են, որ նա իր տանն ունեցել է առանձին հատված հայկական սրբապատկերներով, խաչերով` այսպես կարծես բոլորին ցույց տալով, որ ինքը հայ է: Հավանաբար այն ժամանակ, երբ նա գտել է իր Սիրիայում բնակվող որդուն, թուրք ամուսինը արդեն մահացած է եղել»,- շարունակում է Արեւալույսի կրտսեր հարսը:

 

Պատմական տեղեկանք

Ցեղասպանության տարիներին հայ կանանց բռնի իսլամացման հետեւանքով Թուրքիայում ձեւավորվել է հասարակության մի շերտ, որն ունի հայկական ծագում ունեցող հատկապես հայ տատիկներ: Հրանտ Դինքն այդ առթիվ ասել է .«Այսօր, երբ շրջում ես Անատոլիայուվ, գրեթե ամեն վայրում, մի շարք ընտանիքներում կարող ես հանդիպել մարդկանց, որոնք ասում են. «Իմ պապը, տատը հայ էին»: Այսօր Թուրքիայում հայ տատիկներ ունենալու հանգամանքն այնքան տարածված է, որ դարձել է նաեւ ժամանակակից թուրքական փաստագեղարվեստական գրականության նյութ: Ցեղասպանությունը վերապրած եւ իսլամացած հայ կանանց պատմությունները, որոնք վերջին տարիներին են հայտնվում Թուրքիայի հասարակական, գիտական եւ քաղաքական օրակարգում, մասն են կազմում ներկայում լայն տարածում գտնող բանավոր պատմությունների (oral history) ժանրի, որը վերջին երկու-երեք տասնամյակներին լայն տարածում է գտնում:

Արեւալույսի հարազատները նշում են, որ գուցե հենց մորը կորցնելու մեծ վիշտն էլ պատճառ է հանդիսացել, որ արաբկիրցի տատիկը չի ցանկանում խոսել իր անցյալի տխուր էջերի մասին: Նա նաեւ երբեք չի ցանկացել վերադառնալ եւ եւս մեկ անգամ տեսնել ծննդավար Արաբկիրը:

«Քանի որ իրենք մինչեւ 1926 թվականն ապրել են Արաբկիրում, շատ բան են հիշում տեղի սովորույթների մասին: Օրինակ` իրենք տարբեր բաներ են պատրաստել թթից, թթի շատ ծառեր են ունեցել, այսպես ասած` թթով ապրել են: Պատրաստել են թթու լավաշի նման պաստեղ, թթից արաղ, դոշաբ»,- պատմում է Վարդուհին` հավելելով, որ Արաբկիրից որպես սովորություն եփվող ճաշերի թվում են «Տերեւ ջուր»-ը եւ «Թոփիկ»-ը:

Արեւալույսն ունի չորս երեխա` երկու տղա եւ երկու աղջիկ: Նրա մեծ աղջիկը 82 տարեկան է: Այժմ 100-ամյա արաբկիրցին շրջապատված է 67 թոռներով, ծոռներով եւ կոռներով (առանց հարսներին հաշվարկելու):

Ընտանիքի անդամների հավաստմամբ` իր երկարակեցությունը բացի գենետիկ նախատրամադրվածությունից, պայմանավորված է նաեւ կանոնակարգված` ռեժիմով ապրելու հետ: Նա վաղ է քնում, վաղ արթնանում եւ նույնը հորդորում է անել ընտանիքի անդամներին: Սիրում է դիտել հեռուստացույց եւ ատում է ցանկացած զրույց թուրքերի մասին: Արաբկիրցիներին իրեն հաճախ տեսնելու «շռայլություն» նույնպես թույլ չի տալիս, քանի որ հավատում է «վատ աչքին»:


Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]