1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ականատեսը». 98-ամյա Նվարդ Սուջյանը պատմում է վանեցիներին վերագրվող «ժլատության» եւ անչափ հյուրասեր լինելու մասին

«Ականատեսը». 98-ամյա Նվարդ Սուջյանը պատմում է վանեցիներին 
վերագրվող «ժլատության» եւ անչափ հյուրասեր լինելու մասին

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 98-ամյա վանեցի Նվարդ Սուջյանի մասին է:

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանեցիների «ժլատության» մասին ասույթները` անգամ հումորի ձեւով, մեզանում բավական արմատացած եւ տարածված են, սակայն վանեցի 98-ամյա Նվարդ Սուջյանի կյանքի պատմությունը լսելուց հետո նրա հայրենակիցների զուսպ կենսակերպն ու սովորույթները ժլատություն չես համարի: Նվարդը երկու տարեկան էր, երբ իր ընտանիքը Վանից գաղթեց Երեւան, սակայն դա չի խանգարել պատմության հերոսուհուն մինչ խոր ծերություն իրեն վանեցի համարել:

«Ես շատ փոքր էի, երբ մեր ընտանիքը` ես, հայրս` Մկրտիչը, եւ մայրս` Վարդանուշը, գաթեցինք Վանից»,- հիշում է Նվարդը: Նրա ընտանիքը այն երջանիկ բացառությունների թվին է պատկանում, որը զոհեր չի ունեցել 1915 թվականին վանեցիների` թուրքական զավթիչների դեմ պայքարում:

Պատմական տեղեկանք

Առաջին աշխարհամարտում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած ցեղասպանությունը արեւմտահայերի համար անսպասելի էր, սակայն մի շարք վայրերում նրանք արագորեն համախմբվել եւ դիմել են ինքնապաշտպանության: Վանի նահանգի Շատախ, Գավաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճեշ գավառների բնակիչները 1915 թ-ի մարտին թեժ կռիվներ են մղել թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Բայց նրանք, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ եւ հարկադրված նահանջել Վան: 1915 թ-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը Վան քաղաքի եւ նահանգի մի շարք գավառների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ փրկվել է ավելի քան 180 հազար հայ:

«Նվարդի հոր` Մկրտչի թուրք ծանոթներից մեկը զգուշացնում  է ջարդերի սկսվելու մասին, եւ նրանք վերցնում են ողջ ունեցվածքը եւ բռնում գաղթի ճամփան»,- ընտանիքի պատմությունը մեզ է փոխանցում Նվարդի հարսը` Դոնարան: Հասնելով Երեւան` ընտանիքը բնակություն է հաստատում քաղաքի կենտրոնում` Աբովյան փողոցում, ուր մինչ հիմա ապրում է Նվարդը:

Վանի մասին հիշելիս նա առանձնահատուկ սիրով պատմում է հոր մասնագիտության` խոհարարության մասին: «Հայրս խոհարար էր, շատ համեղ էր պատրաստում, կարողանում էր եփել ամեն ինչ. տոլմա, հարիսա: Նրան հրավիրում էին աշխատելու տարբեր վայրեր, ընդհուպ մինչեւ կառավարական ճաշարան»,- պատմում է վանեցի տատիկը:

Նրա ներկայացմամբ` վանեցիներն իրականում անչափ հյուրասեր եւ վաղվա օրվա մասին մտածող մարդիկ են, եւ նրանց «ժլատ» լինելու մասին տարածված կարծրատիպը իրականության հետ կապ չունի: 

Պատմական տեղեկանք

Այսօր Վասպուրական պատմական աշխարհից գաղթած, Հայոց ցեղասպանությունը վերապրած վասպուրականցիների սերունդները միավորված են «Վասպուրականե» հայրենակցական միությունում: Ամեն տարի միության անդաները մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ (Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին) նշում են Վանի հերոսամարտի տարեդարձը։ «Վասպուրական» հայրենակցական միությունը վերջերս տոնում էր հիմնադրման 30-ամյակը:

Վանեցի արմատներ ունեն հայ անվանի մշակութային շատ գործիչներ: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ծնվել է Վանից գաղթած ընտանիքում։ Հայրը` Վանում ճանաչված դաշնակցական գործիչ, ուսուցիչ եւ խմբագիր Բարունակ Կապուտիկյանն էր: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է 1904 թվականին Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղումԿինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի մայրը նույնպես Վանից էր:  

«Վանեցիները հատուկ սովորություններ ունեն, միշտ տանը ինչ-որ բան պահում են հյուրերի համար: Իհարկե, ինչպես ասույթներում է ասվում, ոսկի են սիրում, բայց այդպես իրենք ոչ թե իրենց ժլատությունն են ցույց տալիս, այլ կարծես վաղվա սեւ օրվա մասին են մտածում»,- նշում է Դոնարան` վստահեցնելով, որ իր սկեսրոջ նման խաղաղասեր, բարի եւ համբերատար մարդիկ եզակի են իրենց տեսակի մեջ:

 «Սկեսուրս շատ մեծ մարդկային իմաստնությամբ է օժտված: Նա այս տարիքում անգամ դեղեր չի օգտագործում: Երբեմն կատակում է, որ իր այսքան առողջ լինելու պատճառը Վանա լճի ջուրն է»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Դոնորան:

Նվարդը 7-ամյա կրթություն է ստացել Երեւանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցում, այնուհետեւ որպես քարտուղարուհի աշխատել է էլեկտրացանցերում: Նվարդն ունի երկու թոռ, չորս ծոռ, առաջիկայում լույս աշխարհ կգա նրա առաջին կոռը:

1932 թվականին Նվարդն ամուսնացել է, ունեցել երեք երեխա: Նրա ամուսինը նույնպես Արեւմտյան Հայաստանից էր` Շատախից:

Չնայած այն փաստին, որ Նվարդի ընտանիքը  մեծ դաժանությունների չի ենթարկվել թուրքերի կողմից, սակայն վանեցի տատիկը կարծում է, որ թուրքերի բազմաթիվ վատ եւ բացասական արարքները նրանց մասին լավ պատեկարցում չեն տալիս: «Մ՞ի թե լավն են նրանք»,- հարցնում  է Նվարդը, որպես պատասխան ընդգծելով իր ընտանիքի` Վանում թողած տան փաստը  հռետորական այդ հարցին:

 Տարիների ընթացքում մեծ է եղել Նվարդի` ծնննդավայրը եւս մեկ անգամ տեսնելու ցանկությունը, որը, սակայն, այդպես էլ չի հաջողվել իրականացել:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան 

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]