Հասարակական

Երևանում մեկնարկեցին խաղաղության եւ միավորվածության խորհրդանիշ Եվրոպայի օրվա միջոցառումները

5 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեցին խաղաղության եւ միավորվածության խորհրդանիշ  Եվրոպայի օրվա միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում Եվրոպայի օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց բացօթյա տոնակատարությամբ. Եվրոպական պատվիրակությունը մայիսի 25-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր տեղեկատվական ցուցահանդես, որն ուղեկցվում էր մշակութային այլ միջոցառումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանում նման միջոցառումների ժամանակ ներկայացվում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:Տեղեկատվական ցուցահանդեսի ժամանակ այցելուները ծանոթացան ԵՄ օժանդակությամբ իրականացվող շուրջ 70 ծրագրերի ու նախագծերի, որոնք գործում են տարբեր ոլորտներում` կրթության, մշակույթի, բնապահպանության, առևտրի, երիտասարդական ծրագրերի և այլն:

«Եվրոպայի օրը Եվրամիության համար հատուկ իրադարձություն է, իսկ այս միջոցառումը եվրաինտեգրման սկիզբն է, որն ունի մեկ գերակա նպատակ` Եվրոպայում պահպանել կայունություն և խաղաղություն»,-ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան: Մայիսի 9-ը Եվրամիության ծննդյան օրն է: Հրիսթեայի խոսքով՝ տարիների ընթացքում Եվրոպայի օրը դարձել է խաղաղության, միավորվածության, ինչպես նաև համընդհանուր եվրոպական արժեքների խորհրդանիշ: «Նման գնահատական է տվել նաև Նոբելյան հանձնաժողովը` օրն արժանացնելով Նոբելյան մրցանակի: Թեև մենք Եվրոպայի օրը նշում ենք Եվրոպայում, այդ օրը նշում են նաև ողջ աշխարհում»,-ասաց ԵՄ դեսպանը:

Ներկայացված ծրագրերից մեկի՝ «Աջակցություն շրջանաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի համակարգող Տաթևիկ Բեժանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը, որի շրջանակներում իրենք աջակցում են միգրանտներին ինտեգրվել հասարակությանը, ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: «Մենք նրանց տալիս ենք փոքր բիզնես դրամաշնորհներ. արդյունքում քաղաքացին կբացի որևէ արտադրամաս: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 4 մարզերում` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում: Հետևաբար մեր շահառուները պետք է ևս այդ մարզերից լինեն: Իսկ այն շահառուն, ով հմտություն չունի իրականացնելու բիզնես ծրագիր, մենք նրանց համար ունենք վերաորակավորման դասընթացներ, որոնք իրականացնում ենք մեր գործընկեր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ միասին»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը` այցելուներին հյուրասիրելով իրենց շահառուի հացաբուլկեղենի արտադրամասի տեսականիով:

«Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն էլ տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացել էր իր առաջարկներով: ՀԿ-ի ծրագրերի համակարգող Մարիաննա Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենք օժանդակում են բոլոր այն կանանց, ովքեր բիզնեսով զբաղվելու ցանկություն ու ձգտում ունեն: «Մենք այս տարվա սկզբից իրականացնում ենք «Գործարար կանանց ակումբ» ծրագիրը, որը կշարունակվի մինչև եկող տարի: Մեր ծրագրի նպատակն է բացահայտել բիզնեսով զբաղվող կամ զբաղվելու ցանկություն ունեցող հայ կնոջը, ով մեր տարատեսակ աջակցությունների միջոցով կկարողանա մասնագիտանալ ու սկսել իր բիզնեսը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում: Արդեն հասցրել ենք աշխատել 4-5 մարզերում, որտեղ կարողացել ենք գրանցել դրական արդյունք` կոտրելով բոլոր կարծրատիպերը, փոխանցելով գիտելիքներ բիզնես ոլորտի մասին և տրամադրելով մեթոդական ցուցումներ ու նյութեր, որոնք կարող են կիրառել իրենց բիզնեսը սկսելու, կայունացնելու և զարգացնելու համար»,-ասաց Մարիաննա Պետրոսյանը:

Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցող մշակութային միջոցառումների շրջանակում անցկացվեցին վարպետության դասեր, որոնք ուղեկցվեցին երաժշտական և պարային համարներով: Ցուցահանդեսի մեկնարկից առաջ նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան կլոր սեղան-քննարկմանը հանդիպել ԵՄ պետությունների դեսպանների հետ և զրուցել տարբեր թեմաների շուրջ: Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի համերգային ծրագրով: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ հյուրեր Գերմանիայից և Ռումինիայից: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև Գյումրի քաղաքում` մայիսի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում