Հասարակական

Ցուցադրվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնի Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների բացառիկ հավաքածուն

4 րոպեի ընթերցում

Ցուցադրվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնի Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների բացառիկ հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող ՄերձավորԱրևելքի նպաստամատույց կոմիտեի լուսանկարների բացառիկ հավաքածուն: Ցուցահանդեսի բացումը կայացավ մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ծրագիրն է: Այն ներկայացնում է 1915 թ-ի Օսմանյան կայսրությունում տեղ գտած վայրագություններից հետո հարյուր հազարավոր հայ որբերի կյանք փրկած ամերիկյան մարդասիրական առաքելության` Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հուզիչ պատմությունը:

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների, հայ ժողովրդի պատմության մի հատվածը: «Սա իսկապես ամերիկյան առատաձեռնության եւ հայկական տոկունության համադրությունն է ներկայացնում: Ողբերգական պատմական իրադարձությունները բոլորին են հայտնի եւ բոլորն ընդունում են դա: Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածներին եւ տեղահանությանը զոհ են դարձել 1,5 մլն հայեր, եւ դա 20-րդ դարի խոշորագույն ոճրագործություններից մեկն էր»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում իրենք ունեն ծանոթներ, ովքեր ունեն իրենց անձնական պատմությունները` շաղկապված այդ իրադարձությունների հետ:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նկարներով ցուցադրված է մեր այն ողբերգությունը, որը մենք երբեք չենք մոռանում: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ժողովրդին, ովքեր ձեռք են մեկնել մազապուրծ եղած եւ այդ երկրում իրենց կյանքը կառուցել փորձած մեր հայրենակիցներին: «Ցեղասպանությունները, ոճրագործությունները տվյալ ժողովրդի ցավն են, սակայն չդատապարտելու պարագայում պայմաններ են ստեղծվում դրանց կրկնության համար: Օր առաջ Թուրքիան եւ բոլոր երկրները, որոնք դեռեւս չեն դատապարտել, հույս ունեմ դա կանեն 2015 թ-ին եւ կփորձեն դրանով օրինակ ծառայել, որ նմանատիպ ոճրագործություն չկրկնվի որեւէ ժողովրդի եւ ազգի նկատմամբ»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Հայաստան բերված շուրջ 200 արխիվային լուսանկարները կշարունակեն ցուցադրվել մինչեւ հունիսի 8-ը Ազգային պատկերասրահում, «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում և Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը: Ցուցահանդեսները կուղեկցվեն Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» վավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությամբ:

Ցուցահանդեսին ընդառաջ, «Նարեկացի» արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք արխիվային լուսանկարների ծավալուն ալբոմ, որն անվճար կնվիրվի ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին: Վերատպված լուսանկարներից զատ, գրքում համառոտ, բայց հանգամանալից ներկայացվում է Նպաստամատույց կոմիտեի պատմությունը, ծավալած գործունեության փուլերը, դրամահավաքությանը միտված կոմիտեի ռազմավարությունները, որբերի հետցնցումային ապաքինմանն ու հետագա հասարակական ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում