Տնտեսություն

Արագածոտնի հակակարկտային կայանները կմիացվեն ընդհանուր կառավարման համակարգին

3 րոպեի ընթերցում

Արագածոտնի հակակարկտային կայանները կմիացվեն ընդհանուր կառավարման համակարգին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելել է Շամիրամ համայնք, որտեղ գյուղապետի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են համայնքի ընթացիկ խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, անասնաբուծության զարգացմանը, համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը կանգ է առել նաեւ Օշականում, այցելել համայնքի երաժշտական դպրոց, որի հիմնանորոգումն ավարտվել է օրերս` Հայ օգնության ֆոնդի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում: Դպրոցի հիմնանորգման ծրագիրը ֆինանսավորել է ամերիկահայ բարերար Նատիա Փոլատյանը: Փոխվարչապետը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել պայմաններին: Նշելով, որ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման միջոցով որակյալ ծառայությունների մատուցման հասնելը կառավարության առաջնահերթ խնդիրներից է` նա գոհունակություն է հայտնել, որ տարբեր կազմակերպություններ եւ անհատներ նույնպես աջակցում են այդ նպատակին: Դպրոցն արդեն վերաբացվել է, եւ 65 սաներն այսուհետ երաժշտական կրթություն կստանան հարմարավետ ու բարեկարգ պայմաններում:

Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվել է մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը: Խորհրդակցությանը մասնակացել են մարզպետը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք:

Զեկուցվեց, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան, որոնցից 30-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մյուս 20-ը` այլ հիմունքներով: Նշվեց, որ մարզի ցանքատարածություններն ու այգիները կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժշտության կա: Քննարկվել են համայնքային ենթակայության կայանները միասնական ցանցին միացնելու, ինչպես նաեւ նոր կայաններ տեղադրելու հնարավորությունները:

Խորհրդակցությանը Կարբի եւ Օհանավան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նաեւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին եւ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով համայնքների գյուղատնտեսությանը հասցված վնասին վերաբերող հարցեր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցն առաջիկայում կքննարկվի նաեւ Շիրակի մարզում, որից հետո փոխվարչապետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում