Հասարակական

ԳԹԿ-ն պատրաստ է պետական ավարտական եւ միասնական կենտրոնացված քննությունների անցկացմանը

3 րոպեի ընթերցում

ԳԹԿ-ն պատրաստ է պետական ավարտական եւ միասնական կենտրոնացված քննությունների անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գնահատման եւ թեստավորման կենտրոնն արդեն պատրաստ է պետական ավարտական եւ միասնական կենտրոնացված քննությունների անցկացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ արդեն մայիսի 29-ից ամբողջությամբ պատրաստ կլինեն նաեւ հանրապետությունում ձեւավորվելիք քննական կենտրոնները: Ընդհանուր առմամբ, ամենաշատ` 36 քննական կենտրոններ կձեւավորվեն «Հայոց լեզու եւ գրականություն» քննության համար: Արա Իսպիրյանի խոսքով` այս տարի դիմորդների քանակը շուրջ 15 հազար է, որոնցից միայն 9 հազարը հանձնելու են քննություն «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից, «Մաթեմատիկա» առարկայից քննություն կհանձնեն շուրջ 8 հազարը: «Տրամադրվածությունն աշխատանքային է, խնդիրներ չկան: Հույս ունենք, որ քննությունները կանցնեն բարձր մակարդակով»,- ասաց նա` դիմորդներին մաղթելով բարձր տրամադրություն, հաջող քննություններ եւ բարձր միավորներ: Բոլոր քննական առարկաներից թեստերն արդեն տպագրված են եւ պատրաստ: Առաջին քննությունը կանցկացվի հունիսի 1-ին` «Ռուսաց լեզու» առարկայից, իսկ ահա հունիսի 4-ին դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների 2012-2013 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2013 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում