Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները խիստ լարված են. ադրբեջանցի քաղաքագետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն օրերս Մոսկվա կատարած այցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտություն չկա: ԱԳՆ ղեկավարի խոսքով` նման հանդիպման համար «խիստ պահանջ» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ առնչությամբ moderator.az կայքի հետ զրույցում Ադրբեջանի «Արեւելք-Արեւմուտք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արաստուն Օրուջլուն ընդգծել է, որ իրականությունը միանգամայն տարբերվում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունից:
«Իրականում Էլմար Մամեդյարովի այդ հայտարարությունը ոչ անկեղծ հայտարարություն է, քանի որ իրականում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բավականին լարվածություն կա, եւ լարվածությունները վերացնելու համար նախագահների հանդիպման խիստ կարիք է զգացվում: Սակայն, բանը նրանում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված չէ նման հանդիպման կայացման մեջ: Ըստ էության, նրա այդ դիրքորոշումը նշանակում է, որ Կրեմլը մտադիր չէ հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ աջակցություն հայտնել Ադրբեջանի գործող իշխանությանը: Էլմար Մամեդյարովը հարկադրված այդպես է ասել` իրավիճակից դուրս գալու համար: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարված լինելն անկասկած է, եւ դա ապացուցելու համար կարիք չկա, որ երկու երկրների միջեւ էլի ինչ-որ բաներ տեղի ունենան», -ասել է ադրբեջանցի քաղաքագետը:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Բաքու այցելելու Ադրբեջանի հրավերը: Ըստ թերթի` Գաբալայի ռադիոտեխորոշիչ կայանի հետ կապված Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած լարվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով Բաքուն աշխատել է կազմակերպել ՌԴ նախագահի այցն Ադրբեջան, որը կապված է եղել հունիսին Բաքվում ծրագրված միջազգային միջոցառմանը մասնակցելու հետ, սակայն, Ադրբեջանի իշխանությունը Կրեմլից մերժում է ստացել: Էլմար Մամեդյարովին Մոսկվայում հասկացրել են, որ Կրեմլը նպատակահարմար է համարում Բաքվում ծրագրված միջոցառումն անցկացնել նոյեմբեր-դեկտեմբերին:
«Բաքվին խստորեն անհանգստացրել է Մոսկվայի այդ պատասխանը: Պաշտոնական Բաքուն Կրեմլի այդ պատասխանը գնահատել է այնպես, որ Մոսկվայում չեն բացառում, որ հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի քաղաքական իշխանությունը հնարավոր է փոխվի», -գրել էր «Ազադլըգ»-ը: